Հարավային Աֆրիկայի խոշորագույն քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով, որ առանց փաստաթղթերի բոլոր ներգաղթյալները լքեն երկիրը: Այս մասի տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ հնարավոր բռնությունները կանխելու համար փողոցներում տեղակայվել են ոստիկանական ուժեր՝ մասնավոր պահնորդական կառույցների աջակցությամբ։ Հակամիգրացիոն խմբերը նախապես երեքշաբթի սահմանել էին որպես վերջնաժամկետ անօրինական ներգաղթյալների հեռանալու համար։
 

Ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ երկրում բողոքի ցույցերն ընթանում են հիմնականում խաղաղ, թեև արձանագրվել են թալանի և կողոպտման փորձերի առանձին դեպքեր։

Ոստիկանությունը հայտնել է հինգ մարդու ձերբակալության մասին՝ ամենախոշոր քաղաքային բնակավայրում՝ Սոուետոյում, խանութ թալանելու կասկածանքով։ Եվս մոտ տասը մարդ է ձերբակալվել Կվազուլու-Նատալ նահանգում՝ թալանի, ինչպես նաև հարձակումների ու ահաբեկումների համար։

Դուրբանում փակվել են քաղաքի կենտրոնի ձեռնարկությունները, իսկ ցուցարարներն իշխանություններին են հանձնել իրենց պահանջներով խնդրագրեր։

March and March խմբի առաջնորդ Ջակլինտա Նգոբեզե-Զուման հայտարարել է, որ բողոքի ցույցերը տեղի են ունենալու ամեն շաբաթ՝ վեց ամսվա ընթացքում, որպեսզի հասնեն երկիրն անօրինական ներգաղթյալներից «ազատելուն»։

Operation Dudula շարժման ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ մասնակիցները մտադիր են «հասնել» առանց փաստաթղթերի օտարերկրացիների ձերբակալություններին։

Հաղոչդվում է նաև, որ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցույցերի նախօրեին հանդիպել է դրանց կազմակերպիչների հետ՝ փորձելով նվազեցնել լարվածությունը։ Նա կոչ է արել ակցիաներն անցկացնել խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ ընդգծելով միգրացիոն բարեփոխումների անհրաժեշտությունը և հիշեցնելով, որ շատ օտարերկրացիներ երկրում են գտնվում օրինական հիմունքներով և իրենց ներդրումն են ունենում տնտեսության մեջ։

Պաշտոնական տվյալներով՝ երկրում բնակվում է ավելի քան երեք միլիոն գրանցված օտարերկրացի, սակայն անօրինական ներգաղթյալների հստակ թիվն անհայտ է։ Տարեսկզբից ի վեր շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։