հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անգամ եթե երեխան մահամերձ է, պետք է սպասես հերթագրմանը. հաշմանդամ երեխաների ծնողների ակցիան ԱՆ-ի մոտ

Անգամ եթե երեխան մահամերձ է, պետք է սպասես հերթագրմանը. հաշմանդամ երեխաների ծնողների ակցիան ԱՆ-ի մոտ

Այսօր կառավարության երրորդ մասնաշենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացրել հաշմանդություն ունեցող երեխաների ծնողները: Բողոքի պատճառն այն է, որ բժշկական պետպատվերների կրճատման հետեւանքով երեխաները զրկվել են վերականգնողական բուժումից:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքվածների երեխաները տարբեր հիվանդություններ ունեն, սակայն բուժման համար միջոցներ չունեն: ՛՛Պետպատվերի կրճատումը մեր երեխաների առողջական վիճակի վրա շատ վատ է անդրադառնում: Գաղտնիք չէ, որ մեր երկրում հաշմնադամների թիվն ավելացել է, ինչի հետեւանքով մեր երեխաներին ստուգման հերթ է հասնում տարին ընդամենը մեկ անգամ: Սրան գումարվել է անկանխիկ վճարումների մասին որոշումը, որը հավելյալ բարդացում է մեզ համար, ասենք՝ հաշմանդամ երեխայի հետ բանկում հերթ կանգնելը, կամ եթե ԴԱՀԿ-ն կալանք է դրել այդ ընտանիքի հաշվին... Իրենց տված գույքը, կոշիկներն էլ սարսափելի անորակ են...՛՛:

Բացի այդ, ծնողների խոսքով, կա նաեւ տակդիրների խնդիր, դեղորայքն անվճար չի տրամադրվում, կոնսուլտացիաներն էլ դարձել են գումարով:

՛՛Երեխայի 18 տարեկան դառնալու ժամանակ տրամդրվող նպաստը կրճատում են: Եթե մարդը հաշմանդամ է, ուրեմն հաշմանդամ է, ի՞նչ տարբերություն՝ 18 տարեկանից բա՞րձր է, թե՞ ցածր: 18 տարեկանից հետո երեխան դառնում է վճարունակ, սակայն եթե ծնողը պետք է երեխային պահի, ինքը որտե՞ղ աշխատի: Դեղերը չեն տալիս: Երեխային մեկ ամբողջական ստուգման տանելու համար նվազագույնը 60 հազար դրամ անհրաժեշտ կլինի: Պետք է պարտադիր հերթագրես երեխաներին, անգամ եթե մահամերձ է, պետք է սպասես հերթագրմանը: Եթե երեխան ստանում է 28 հազար դրամ, ծնողը չի աշխատում, դեղեր չեն տալիս, ինչպե՞ս է հնարավոր հասցնել՛՛,-ասաց մեկ այլ ծնող:

Քանի որ ծնողներին չհաջողվեց հանդիպել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ուստի իրենք իրենս ստորագրություններով նամակը հանձնեցին ընդունարանում:

  • Կիսվել: