չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից

Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից

Երեխաների ոչ սննդային թունավորումների մեծ մասը դեղերի, կենցաղային քիմիական նյութերի (օրինակ՝ սպիտակեցնող, ախտահանիչ, լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի, քացախի), ինչպես նաև թունաքիմիկատների և թունավոր բույսերի՝ երեխաների համար անհասանելի վայրում չպահելու հետևանք է։

Թունավորումը տեղի է ունենում կլման, ներշնչման, ներարկման կամ ներծծման միջոցով` թունավոր նյութի ազդեցությամբ:

Երեխաների թունավորումները շատ հաճախ տեղի են ունենում տանը:

Ինչպե՞ս կանխել թունավորման դեպքերը

Դեղերը և թունավոր նյութերը պահե՛ք երեխաների համար ոչ հասանելի վայրում ու փակի տակ:

Երեխաներին սովորեցրե՛ք ձեռք չտալ թունավոր նյութերին, պատմե՛ք դրանց վտանգավորության մասին։

Թունավոր նյութերի վրա փակցրե՛ք հստակ պիտակներ։

Դեղերի և կենցաղային օգտագործման քիմիական նյութերի պահպանման համար օգտագործե՛ք հատուկ տարաներ, որոնք երեխաների համար անվտանգ են` դժվար բացվող:

Մի՛ պահեք քիմիական նյութերը ըմպելիքի տարաներում (օրինակ՝ շշերում), քանի որ վտանգ կա, որ երեխաները կարող են սխալմամբ խմել:

Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբերը երեխան ընկալում է որպես կոնֆետ, ուստի արտաքուստ ուտելիքի կամ ըմպելիքի նմանվող թունավոր նյութերը և ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները, հեռու պահե՛ք երեխաների տեսադաշտից:

Դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար:

Նախքան երեխային դեղը տալը, խորհրդակցե՛ք բժշկի հետ ճիշտ դեղաչափը և դեղաձևը ընտրելու համար, հետևե՛ք ներդիր թերթիկում առկա տեղեկատվությանը:

Երեխայի անվտանգությունը սկսվում է մեր` մեծահասակներիս զգոնությունից։ Պահպանելով անվտանգության այս պարզ կանոնները՝ կարող ենք կանխել դժբախտ պատահարները և ապահովել երեխայի առողջությունն ու անվտանգությունը։

  • Կիսվել: