հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անձամբ ձեզ հայտնի՞ է, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում ու ղեկավարում այդ ֆեյքային հայհոյախմբերը. Ալեքսանյան

Անձամբ ձեզ հայտնի՞ է, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում ու ղեկավարում այդ ֆեյքային հայհոյախմբերը. Ալեքսանյան

Դուք ձեր խոսքում նշեցիք, որ կա 18 գործ եւ դրանք հիմնականում վերաբերում են մեկ անձի, ենթադրում եմ՝ նկատի ունեք վարչապետին. եկել եք այստեղ, օրենքի նախագիծ եք ներկայացնում, բայց ակնհայտորեն չեք տիրապետում վիճկագրությանը. Խոսքը ոչ թե 18, այլ մոտավորապես 108 գործի մասին, թե ում նկատմամբ հայհոյանքին է վերաբերվում, չեմ կարող ասել: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայհոյանքը ապաքրեականացնող օրինագծի քննարկման մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Պարոն Վարդանյան, ձեր խոսքում զեղումներ եք անում, որ հայհոյանքը հայ իրականության մեջ առաջացել է 2018-ին»,-ասաց նա:

Ի պատասխան Աղվան Վարդանյանն ասաց. «Ես իմ ելույքում ասացի, որ նոյեմբերի 30-ի դրությամբ կա 106 գործ: Արդարադատության նախարարությունը խոստացել էր մանրամասն ներկայացնել այդ 106 գործերից 18-ը, որոնցով արդեն գործեր են հարուցվել, կոնկրետ ում են վերաբերում: Այդ վիճակագրությունից տեղյակ կլինենք առաջիկայում: Դուք ասացիք, թե ում են դրանք վերաբերում: Այնպես որ վիճակագրությունն ապացուցելու է իմ ուղղվածության ճշմարտացիությունը»:

ՔՊ-ական պատգամավորն էլ նշեց. «Բոլորին հայտնի է, որ Հայաստանում գործում են կոնկրետ ֆեյքային խմբեր, որոնք ակնհայտորեն ունեն ընդդիմադիր ուղղվածություն: Ես կարող եմ նաեւ ապացույցները ներկայացնել: Ակնհայտորեն դրանք ֆինանսավորվում են եւ գործում են մի կետից, որոնք իրականացնում են հենց ֆեյքային գրոհներ՝ հայհոյանքով, վիրավորանքով ուղեկցվող: Անձամբ ձեզ հայտնի՞ է, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում ու ղեկավարում այդ ֆեյքային հայհոյախմբերը»:

Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց. «Եթե դուք պնդում եք, որ կան ֆեյքային խմբեր, որոնք ընդդիմության կողմից ֆինանսավորվում եւ կարող եք ապացուցել, խնդրեմ, մեծ դասամիջոցին հաղորդում տվեք հանցագործության մասին՝ նշելով այդ խմբերի տեղերը, հասցեները, տերերին, վճարողներին»

  • Կիսվել: