ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անդրեասյանն ու ԵԱՏՄ դատարանի դատավորները քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր

Անդրեասյանն ու ԵԱՏՄ դատարանի դատավորները քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր

ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ՝ նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին: Հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարանի, որը կարող է խորհրդատավական եզրակացություններով պարզաբանել մի շարք հարցեր, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրավական դաշտի ինտեգրմանն ու տնտեսական փոխգործակցության բարենպաստ միջավայրի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում կտրվեն պատասխաններ գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ:

Իսկ այն հարցերը, որոնք լուծում չեն գտնի նման ձևաչափով քննարկումների արդյունքում՝ Արդարադատության նախարարության կողմից կտարվեն քննարկման Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այստեղ ևս լուծում չստանալու դեպքում հարցերը կներկայացվեն ԵԱՏՄ դատարանի դատին:

Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից:

Դատարանում կարող են քննվել նաև ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալող գործարարների, սպորտի, մշակույթի և այլ բնագավառի գործիչների պահանջներն ու իրավունքները, եթե կան կասկածներ, որ խախտվել են ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կետեր:

  • Կիսվել: