հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Անահիտ Մանասյանն ու Ռեգինա Դե Դոմինիչիսը այցելել են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Անահիտ Մանասյանն ու Ռեգինա Դե Դոմինիչիսը այցելել են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիչիսը դեկտեմբերի 18-ին այց են իրականացրել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ:

Նպատակն էր ծանոթանալ կենտրոնում երեխաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող ծառայություններին: Այցին մասնակցել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը,  Պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները:

ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնում բռնի տեղահանված երեխաների ծնողները հյուրերի հետ մասնակցել են նաև քննարկման, ներկայացրել են իրենց իրավունքների հետ կապված հարցեր:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների առնչությամբ Պաշտպանի հաստատությունն անընդհատ աշխատանքներ է իրականացնում: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ առաջին իսկ օրվանից անձամբ է ակտիվ ներգրավվել այդ աշխատանքներում:

«Բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իմ անմիջական ուշադրության ներքո է: Աշխատանքներում ներգրավվել եմ առաջին իսկ օրվանից. աշխատակազմի հետ այցելել եմ Գորիս, Կոռնիձոր և Վայք, աշխատել ենք նաև գիշերային ժամերին։ Այժմ էլ շարունակաբար այցեր ենք իրականացնում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ: Որպես Մարդու իրավունքների պաշտպան վստահեցնում եմ, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը», - ասել է Անահիտ Մանասյանը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի ուղեկցությամբ Պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան շրջել են նաև հաստատության տարածքով և ծանոթացել երեխաների առօրյային: Ներկայացվել է նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Բարնհաուս մոդելի կիրառման գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենը և Երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավարը պայմանավորվել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ էլ ավելի խորացնել համագործակցությունը:

  • Կիսվել: