հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ընթացիկ ծրագրերին, առողջապահական ոլորտում բարեփոխումների առաջնահերթ և հիմնական ուղղություններին` համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրմամբ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություններին, առանձնացվել են գործակցության հիմնական թիրախները:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն անդրադարձել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի ընթացքին և անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը նկատել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները համակարգային են, և դրանք կյանքի կոչելու համար Համաշխարհային բանկը պատրաստ է իր աջակցությունը տրամադրել Հայաստանին:
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել առողջապահության ապահովագրության ծրագրի ներդրման մասին:

«Համապարփակ առողջապահական ծածկույթը չի ենթադրում միայն ֆինանսական միջոցների ներդրում, այլև` առողջապահական համակարգի և բժշկական ծառայությունների լիակատար վերակազմակերպում»,- նշել է առողջապահության նախարարը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են ընթանում բնակչության ընդհանուր առողջական վիճակը բարելավելու համար 3 առաջնահերթ ուղղություններով` բժշկական կենտրոնների վերազինմանը զուգահեռ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրում` ֆինանսական և կլինիկական բաղադրիչներով և բժշկական ծառայությունների որակի ապահովագրություն:

Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել նախատեսվող բարեփոխումների հարցում:

  • Կիսվել: