կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Անահիտ Ավանեսյանն արյունատվության ակցիային մասնակցել է ամուսնու հետ

Անահիտ Ավանեսյանն արյունատվության ակցիային մասնակցել է ամուսնու հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արյունատվության բացօթյա ակցիային այսօր մասնակցել է ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի հետ։

«Իմ ընտանիքում արյունատվությունը համարվում է կյանք փրկելու հնարավորություն, որը բաց թողնել չի կարելի: Այսօր` Արյան դոնորի համաշխարհային օրը, Արյունատվության բացօթյա ակցիային մասնակցեցի ամուսնուս հետ:

Իսկ ինքնազգացողությունս շատ լավ է, քանի որ արյունատվությամբ կարևոր մեկի կյանքն ենք փրկում, մեր առողջությունը բարելավվում է, ունենում ենք ինքնաբավության անբացատրելի զգացում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի դոնորներ»,- գրել է Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում:

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն կյանք ենք փրկում, այլև արյունատվությունը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:

«Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին, որտեղ անվարձահատույց դոնորության ցուցանիշները շատ բարձր են` 80%-ից ավելի: Արյունատվության մշակույթը պետք է նոր մակարդակի հասցնենք, ինչին կնպաստի Արյան բանկի նոր շենքի կառուցումը` ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքերով»,- նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դոնորներին` ժամանակ հատկացնելու և մարդասիրական քայլ կատարելու համար:

  • Կիսվել: