ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին

«Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։ Նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։ 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի ավերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրյան-խմբ․) երկու խոր կիրճերի մեջտեղում գտնվող Անին, որը 884-1045 թթ․ կառավարվել է Բագրատունիների, 1045-1064 թթ․՝ բյուզանդացիների կողմից, 1064թ․ օգոստոսի 16-ին նվաճվել է սուլթան Ալփարսլանի կողմից  և կցվել Սելջուկյան պետության տարածքներին։

Անիում, որը կառուցվել է շուրջ 100հա հողատարածքի վրա և որտեղ պատմության ընթացքում գոյություն են ունեցել բազմաթիվ քաղաքակրթություններ, քրիստոնյաները և մուսուլմանները նախկինում ապրել են կողք-կողքի»,- նշված է հոդվածում։

Հարկ է նշել, որ թուրքական պետական գործակալությունն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որևէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2014 թվականին այդ մասին «Ակոս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ Դրանում ընդգծվել էր, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Անիի մասին ծանուցող բովանդակությամբ ինտերնետային կայք ստեղծելով, խուսափել էր «հայ» բառի գործածումից:

Ստորև ներկայացված են հայկական երբեմնի ծաղկուն ու շեն բերդաքաղաքի՝ օրերս արված լուսանկարները, որոնք հիշյալ հոդվածում հրապարակել է «Anadolu»-ն։

Հիշեցնենք, որ Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Քաղաքի տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Անին ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Հայտնի է եղել «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Արևելքի մարգարիտ» անվանումներով:

Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպես քաղաքական ու հոգևոր կենտրոն` թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրությունը հայագիտության մեջ առանձին անունով կոչվում է «անիագիտություն»:

  • Կիսվել: