կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՆ տեղակալն ընդունել է Ամերիկայի մանկական առաջատար երկու հիվանդանոցների ներկայացուցիչներին

ԱՆ տեղակալն ընդունել է Ամերիկայի մանկական առաջատար երկու հիվանդանոցների ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մանկական առաջատար երկու հիվանդանոցների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ում արդեն իսկ կիրառվող` երեխայի զարգացման գնահատման նոր գործիքի առավելությունները և Հայաստանում ներդրման հնարավորությունները: Ներկայացվել են նաև «Երեխաների զարգացման և բարեկեցության հարցաշարի» (SWYC) Հայաստանում փորձնական կիրառման արդյունքները:

Երեխայի նոր հմտությունների ձեռքբերումը և կատարելագործումը, դրա գնահատումն ու խնդիրների վաղ հայտնաբերումը կարևոր են վաղ միջամտության կազմակերպման և հաշմանդամության կանխարգելման համար:

«Բժշկագիտության սրընթաց զարգացմանը զուգահեռ վերանայվում են երեխաների աճի և զարգացման գնահատման մոտեցումները, և նախապատվությունը տրվում է առավել ինֆորմատիվ, արդյունավետ և կիրառելի մեթոդներին, որոնք կարող են նպաստել զարգացման խնդիրների վաղ հայտնաբերմանը, այնուհետև` վաղ միջամտության իրականացմանը»,- նշել է Արմեն Գասպարյանը` կարևորելով զարգացման գնահատման նոր գործիքի ներդրումը:

Զարգացման գնահատումն իրականացվում է տարբեր մակարդակներում և սկսվում է առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններից:

  • Կիսվել: