Ամուսնությունների թիվը նվազել է, և գլխավոր «մեղավորը» կորոնավիրուսն է. Մարկոսյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիճակագրական կոմիտեն շարունակում է ուրախացնել ոլորտի մասնագետներին ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ նախատեսված ժամկետից շուտ տվյալների հրապարակմամբ, որը կրկին պայմանավորված է COVID-19-ով:
Նա նշել է. ՛՛Եվ այսպես, ինչպես և կանխատեսվել էր, ժողովրդագրական զարգացումների առումով ունենք մեկ դրական ցուցանիշ, դա ծնունդների աճն է, որը 2020թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 148-ով և կազմել 19530 երեխա: Ընդհանուր առմամբ տարվա 3-րդ եռամսյակը ամենածննդաշատն է, միաժամանակ այս տարվա ցուցանիշների վրա հավանաբար ազդել է 2020թ. հուլիսի 1-ից հետո մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված ծրագրերը և տեղի է ունեցել ծնունդների օրացույցային տեղափոխություն 1-ին և 2-րդ եռամսյակներից դեպի 3-րդ եռամսյակ:
Ինչևէ արձանագրվել է 19530 ծնունդ և 2020թ. հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 286 հավելյալ երեխա է լույս աշխարհ եկել:
Սակայն այս լավ ցուցանիշով ժողովրդագրական զարգացման լավ լուրերն ավարտվում են:
2020թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է մահերի թվաքանակի աճ 1143-ով կամ 8,5 տոկոսով, ընդ որում կորոնավիրուսից մահերը կազմել են 781 մարդ, այսինքն մահացության ցուցանիշի բարձրացումը պայմանավորված է նաև այդ հանգամանքով: Մահերի աճը ազդել է բնական աճի ցուցանիշի վրա, որը 2020թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա համեմատ կրճատվել է 1185-ով կամ 33,1 տոկոսով և կազմել է 2394 մարդ:
Ամուսնությունների թիվը ևս նվազել է և գլխավոր «մեղավորը» կորոնավիրուսն է և նրա հարուցած սահմանափակումները: Ինչևէ, գրանցված ամուսնությունների թիվը նվազել է 2317-ով և կազմել է 6435 ամուսնություն նախորդ տարվա 8752-ի դիմաց՛՛:



