ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամուլսարի շահագործման կործանարար հետևանքները կրելու են նաև մեր սերունդները. Վահագն Վարագյան

Ամուլսարի շահագործման կործանարար հետևանքները կրելու են նաև մեր սերունդները. Վահագն Վարագյան

Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել Ամուլսարի հարցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Մասնագիտությունս և գիտելիքներս թույլ են տալիս փորձագիտական կարծիք հայտնել հանքի շահագործման հետևանքով առաջանալիք աննախադեպ և կործանարար հետևանքների մասին: Վտանգի տակ է դրվում մշակովի հսկայական տարածքներ, Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարը, այդ թվում՝ նաև Սևանա լիճը:

Ջրային և հողային համակարգերը վտանգված են աղտոտվել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ամբողջ էկոհամակարգը կրելու է նաև թթվային ջրերի արդեն գիտականորեն հաստատված կործանարար հետևանքները: Այս ամենը անմիջականորեն և կտրուկ ազդելու է հայ մարդու առողջության վրա, և կործանարար հետևանքները, որոնք աննախադեպ ծանր են լինելու, կրելու են նաև մեր սերունդները:

Ոսկու արդյունահանման տեսակետից ոչ շահավետ հանքի շահագործումը («Լիդիանի» տվյալներով՝ 1 տոննայից 0.7 գ.: Համեմատեք Սոթքի տվյալների հետ՝ 1 տոննայից 5-6 գ.) ակամայից ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում: Արդյո՞ք հանքը շահագործվում է ոսկի արդյունահանելու համար, թե՞ այլ «օգտակար» և ռադիոակտիվ տարրերի արդյունահանման խնդիր կա: Վստահ եմ՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում:

Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել»,- գրել է նա։

  • Կիսվել: