երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամփոփվել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնի 2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները

Ամփոփվել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնի 2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը, Արամ Մեյմարյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության ամփոփիչ հանդիպմանը։

ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեության հիմնական արդյունքները, Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների իրականացման ընթացքը, վճարովի ծառայությունների արդյունքում ձևավորված ֆինանսական մուտքերը, միազգային ծրագրերի փուլերն ու ՊՈԱԿ-ի կարողությունների վերազինմանն ուղղված քայլերը։

Նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության կարևորությանը և անկյունաքարային նշանակությանը բոլոր ոլորտներում քաղաքականությունների մշակման գործում և վերահաստատել, որ Կառավարությունը ջանք չի խնայում կարևորագույն այս ոլորտի արդիականացման և վերազինման համար։

Ի կատարումն ՀՀ կառավարության 2021-2026 թվականի միջոցառումների ծրագրի 2․3 և 14․1 կետերի՝ ձեռք է բերվել օդերևութաբանական 20 ավտոմատ կայան, որից 9-ը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 200 մլն դրամ աջակցությամբ, իսկ 40-ը՝ ՄԱԶԾ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնցից հինգը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, երկու կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշացման դիտարկման տվիչներ։

EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի տեխնիկական կարողությունների զարգացում։ Սևանա լճի ջրի որակի ամսական համալիր դիտարկումների իրականացման ֆինանսավորումը ներառվել է 2024 թվականի բյուջեում։

Ի կատարումն միջոցառումների ծրագրի 10․1 կետի՝ իրականացվել են հողերի դաշտային հետազոտական աշխատանքներ, և լաբորատոր հետազոտություններ 3 տեղամասում և տվյալների տրամադրում ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն: Սակայն միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ֆինանսավորման ավելացում (100 մլն)։

2023թ․ ընթացքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը գործընկերային հարաբերություններ է ստեղծել մի շարք միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում կնքվել է 7 դրամաշնորհային պայմանագիր՝ ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ, տեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է ՀՀ-ում Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակը:

ՊՈԱԿ-ի մասնագետները մշակել են «Արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում», «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն», «Թափոններ» ոլորտների ՋԳ արտանետումների հաշվետվությունը։

2023թ․ ընթացքում հաստատվել են գործընկերային կապեր մի շարք ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ, մասնավորապես՝ Էստոնիայի Շրջակա միջավայրի գործակալության և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի հետ։

Շարունակվել է տարբեր ոլորտներում գործընկերային կապերի խորացումը Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ղազախստանի, Ճապոնիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ։

2023թ․ ընթացքում կնքվել է 5 Փոխըմբռնման հուշագիր։ Համաձայնեցման փուլում է գտնվում ևս 2 հուշագրերի կնքումը։

2023թ․ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված 260-ից ավելի դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների և հանդիպումների։

Հաշվետու զեկույցներից և աշխատակիցների հետ քննարկումների ավարտին նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի լաբորատորիայում՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին և տեխնիկական հնարավորություններին։

Возможно, это изображение 7 человек, люди учатся и больница

  • Կիսվել: