Ամեն երեւանցու հետեւից մեկ հավաքարար է պետք․ Արեյան
«Եթե դուք ինձ հարց տաք, թե քանի հավաքարար է մեր քաղաքին անհրաժեշտ, ես առանց զավեշտի կասեմ՝ 1 մլն 100. ամեն Երեւանցու հետեւից մեկ հավաքարար է պետք, եւ սա ես նշում եմ ցավով»,- այսօր` ապրիլի 19-ին կայացած Երեւան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին` ինչու ենք ավելացնում Երեւան քաղաքում հավաքարարների թիվը:
Արեյանի խոսքով, քաղաքապետարանի աշխատակիցները առավոտյան 05:30-ից սկսում են սանմաքրման աշխատանքներ կատարել, բայց մի քանի ժամ անց պատկերը նույնն է.
«Մենք առավոտյան ժամը 5։30-ից սկսում ենք սանմաքրումը` մայթեր, փողոցներ, բայց ժամը 12-ին կամ ցերեկը 13:00-ին խնդրում եմ անցեք կամայական փողոցով ու դուք կտեսնեք նորից աղբի մեջ կորած քաղաք, ընդամենը 4-5 ժամում ամբողջ քաղաքը վեր է ածվում աղբանոցի, որովեհետեւ յուրաքանչյուր երեւանցի ձեռքից եկածը անխնա նետում է»:
Քաղաքապետի խորհրդականը նշեց, որ նման արդյունքի պատճառը ամենեւին էլ աղբարկղերի սակավությունը չէ.
«Կա բավարար քանակի աղբարկղ մեր քաղաքում, բայց չկա բավարար դաստիարակություն, չկա բավարար պատասխանատվություն եւ մարդկային բարոյականություն սեփական բնակավայրերի եւ սեփական տան հանդեպ»: