երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալավերդու Թեղուտ բնակավայրի՝ «Ապրելու երկրի» կողմից նշանակված վարչական ղեկավարը պարեկին իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկել կնոջ ու աղջիկ երեխաների աչքի առաջ

Ալավերդու Թեղուտ բնակավայրի՝ «Ապրելու երկրի» կողմից նշանակված վարչական ղեկավարը պարեկին իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկել կնոջ ու աղջիկ երեխաների աչքի առաջ

Երեկ հայտնել էինք, որ Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրի՝ «Ապրելու երկրի» կողմից նշանակված վարչական ղեկավարը ձերբակալվել է պարեկային ծառայողին դաժան ծեծի  ենթարկելու պատճառով: 

Ըստ Civic.am-ի ունեցած տեղեկությունների՝ պարեկները իրենց ծառայությունն իրականացնելու ժամանակ հայտնաբերել են ապօրինի ծառահատումների արդյունքում բեռնված ավտոմեքենա և սկսել են ակտավորման գործընթացը։ Այդ ընթացքում Թեղուտի վարչական ղեկավար Արեն Մելիքսեթյանը, ով նշանակված է «Ապրելու երկիր» կուսակցության կողմից, գնացել և փորձել է միջամտել ու խանգարել պարեկային ծառայողների աշխատանքին։ Վիճաբանություն և քաշքշոց հրահրելուց հետո Թեղուտի վարչական ղեկավարը հեռացել է, սակայն չի մարսել տեղի ունեցածը։ 

«Ապրելու երկրի» ներկայացուցիչը  որոշել է, որ պետք է  վրեժ լուծի, և երեք տղամարդկանց հետ  գնացել է պարեկային ծառայողներից մեկին հանել տնից  և կնոջ ու աղջիկ երեխաների  աչքի առաջ դաժան ծեծի է ենթարկել։  Մեզ փոխանցեցին, որ վարչական ղեկավարը նույնիսկ հաշվի չի առել, որ նման անմարդկային արարք կատարում է պարեկի կնոջ ու աղջիկ երեխաների աչքի առաջ։ Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այս մասին Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը։

Միգուցե Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի պատկերացրած «Ապրելու երկիրը» այդքան էլ ապրելու համար  չէ։  Փաստորեն իրենց կողմից նշանակված ինչ-որ գյուղապետ կարող է կնոջ  ու աղջիկ երեխաների աչքի առաջ պարեկին դաժան ծեծի ենթարկել օրինական ծառայություն իրականացնելու համար։

Իմիջիայլոց, երեկ Մեսրոպ Առաքելյանը ինքն իրեն «հռչակել է» որպես հարցեր լուծող։ Միգուցե  Առաքելյանին խորհուրդ տանք իր ենթակայության տակ գտնվող վարչական ղեկավարներին օրենք և բարեվարքություն սովորեցնել։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից երեկ տեղեկացանք, որ Թեղուտ բնակավայրում հուլիսի 25-ին Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ 4-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 3 անձ։

  • Կիսվել: