ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ալավերդցի Վահագի» մեքենայի վրա կրակահերթ արձակած անձը կկալանավորվի. Վճռաբեկը բեկանել է վերաքննիչի անցած տարվա որոշումը

«Ալավերդցի Վահագի» մեքենայի վրա կրակահերթ արձակած անձը կկալանավորվի. Վճռաբեկը բեկանել է վերաքննիչի անցած տարվա որոշումը

Վճռաբեկ դատարանը բեկանել է «Ալավերդցի Վահագի» մեքենայի վրա կրակահերթ արձակած Վարդան Անտոնյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի՝ անցած տարի կայացրած որոշումը, գրում է 1in.am-ը:

Վարդան Անտոնյանի գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Մեղսագրված արարքի կատարման պահին Վարդան Անտոնյանը 33 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքում սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին:

Վարդան Անտոնյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է 2016 թվականի հունվարի14-ին:

Ըստ մեղադրանքի՝ նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինի ձեռք բերված հրազենից՝ ինքնաձիգից կրակոցներ արձակելով՝ փորձել էր սպանել Վահագն Աբգարյանին՝ «Ալավերդցի Վահագին»: Սակայն իր հանցավոր մտադրությունը Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, ավարտին չէր հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ մեքենան, որի վրա կրակել էր, զրահապատ էր, և, որ ամենակարևորն է՝ «Ալավերդցի Վահագը» կրակոցների պահին մեքենայի մեջ չէր…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ի երեկոյան Վարդան Անտոնյանն իր ծանոթ Արմեն Հ.-ի հետ, վերջինիս «Մերսեդես» մեքենայով շրջել է Ալավերդի քաղաքում: Թումանյան փողոցում նա տեսել է «Ալավերդցի Վահագի» «Համերը» ու դրա հետևից ընթացող «Նիսանը»՝ «Ալավերդցի Վահագի» ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող:

Վարդան Անտոնյանը, ըստ մեղադրանքի, տվյալ պահին Արմեն Հ.-ից թաքցրել է «Ալավերդցի Վահագին» սպանելու իր մտադրությունը, բայց խնդրել է, որ նա մեքենան վարի հիշյալ մեքենաների հետևից:

Նույն օրը, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում շրջանցելով վերը հիշատակված մեքենաները ու հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող՝ Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանի խնդրանքով Արմեն Հ.-ն մեքենան կայանել է կամրջի վերջնամասում:

Որոշ ժամանակ անց Անտոնյանը տեսել է կամրջի վրայով ընթացող «Համերն» ու «Նիսանը»: Նա մեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ինքնաձիգը և «քննությամբ չպարզված շարժառիթով» «Ալավերդցի Վահագին» կյանքից զրկելու դիտավորությամբ, մութ լինելու և մեքենաների ապակիները մգացված լինելու պատճառով չիմանալով, որ «Ալավերդցի Վահագի» փոխարեն մեքենայում է նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, չիմանալով, թե երկու մեքենաների մեջ քանի մարդ կա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել կամրջի վրա գտնվող «Համերի» ու անմիջապես նրա հետևից ընթացող «Նիսանի» ուղղությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան Անտոնյանը իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված: Արձակված կրակոցները չեն դիպել որևէ մեկին, մասնավորապես՝ մեքենաներում գտնվող Էդուարդ Պողոսյանին ու Արթուր Մնացականյանին, այլ դիպել են «Համեր» մեքենայի տարբեր մասերին ու շրջակա ժայռերին:

Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նախաքննության ընթացքում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Արմեն Հ.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Արմենը պնդել է իր ցուցմունքը, Վարդան Անտոնյանը հայտարարել է, թե Արմենը սուտ է ասում, դեպքի օրն ինքը եղել է տանը:

Դատարանում սպանության փորձի համար Վարդան Անտոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել «այն պարզ պատճառով», որ երբևէ որևէ մեկին սպանելու ցանկություն, նպատակ չի ունեցել, սպանելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել:

2015 թվականի հունիսին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, որից հետո քաղաքում մթնոլորտը լարվել է: Իր դիրքորոշման պատճառով այդ լարվածությունը հասել է նաև իրեն…

Անտոնյանն ասել է՝ եթե ուզենար որևէ մեկին սպանել, հանգիստ կարող էր դա անել այն ժամանակ, երբ տվյալ մարդը զրահապատ մեքենայի մեջ չլիներ: Այն, որ «Համերը» զրահապատ էր, գիտեր ամբողջ Ալավերդի քաղաքը…

Գործի դատական քննության ընթացքում Էդուարդ Պողոսյանը արդեն ողջ չէր…

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի ու մի շարք վկաների ցուցմունքներն արժանահավատ չի համարել:

Վարդան Անտոնյանը մեղավոր է ճանաչվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի ու ապօրինի հրազեն պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2 –րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Վարդան Անտոնյանը վերջին հաշվով դատապարտվել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 14-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել Վարդան Անտոնյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Ըստ պաշտպանների՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ էր տվել դատական սխալ, ինչը դատավճիռը բեկանելու հիմք է: Դատարանի հետևությունները չեն համապատասխանել դատարանում հետազոտված ապացույցների բովանդակությանը: Գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ Վարդան Անտոնյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է սպանության փորձ, հակառակն է հիմնավորվել:

Վերաքննիչ բողոքով փաստաբաններ Լ. Սահակյանն ու Ե. Վարոսյանը պահանջել էին սպանության փորձի մասով իրենց պաշտպանյալ Վարդան Անտոնյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Վարդան Անտոնյանը վերաքննիչ դատարանում միանալով իր պաշտպաններին՝ ասել է. «Ոչ մի սպանության փորձ էլ չի եղել…»:

Գործով մեղադրող դատախազը, առարկելով բերված բողոքի դեմ, այն գնահատել է որպես անհիմն, մերժման ենթակա, իսկ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ «ավելի քան հիմնավոր»:

Միաժամանակ մեղադրողը ներկայացրել է, որ 2015 թվականին Ալավերդիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ երկու խմբավորում էր առաջացել: Այդ խմբավորումների միջև առճակատման արդյունքում հետագա ժամանակահատվածում եղել են և՛ մահափորձեր, և՛ սպանություններ: Կյանքից զրկվել է նաև այս գործով անցնող Է. Պողոսյանը, «Ալավերդցի Վահագը» նոր մահափորձի արդյունքում ծանր վնասվածք է ստացել, ապա մեկ այլ քրեական գործով նրան մեղադրյալի կարգավիճակ է տրվել: Ըստ մեղադրողի՝ Վարդան Անտոնյանի կատարածը հենց Վահագն Աբգարյանի կյանքի դեմ էր ուղղված, ու առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր դատական ակտ:

Մեղադրողի կարծիքով՝ միայն վախեցնելու համար կրակողը ինքնաձիգով 20 հատ մենահատ կրակոց չէր արձակի մեքենային դիմահար կամ՝ դիմացի քարաժայռին ուղղված…

Վերաքննիչ դատարանի դատավորները մեղադրողին հիշեցրել են, որ ըստ մեղադրանքի՝ «քննությամբ չպարզված շարժառիթով» է Վարդան Անտոնյանը ցանկացել սպանել «Ալավերդցի Վահագին», իսկ մեղադրողը կոնկրետ երկու խմբավորումների առճակատման մասին խոսելով՝ հենց շարժառիթի մասին էր խոսում…

Վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Բարսեղյան, Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան կազմով, 2019 թվականի մարտի 25-ի որոշմամբ ամբաստանյալի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխվել է: Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, վերաորակվել է՝ որպես սպանության սպառնալիք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել, Վարդան Անտոնյանի քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, Վարդան Անտոնյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման, այս պատժի մեջ հաշվակցվել է նրա՝ անազատության մեջ գտնված ժամանակը:

Վարդան Անտոնյանն անհապաղ ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի դահլիճում:

Վարդան Անտոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը՝ պահանջելով բեկանել այն՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Մայիսի 26-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշումը ամբողջությամբ բեկանվել է: Օրինական ուժ է տրվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին՝ 13 տարի ազատազրկումով: Այս պատժին հաշվակցվել է Վարդան Անտոնյանի՝ անազատության մեջ գտնված ժամանակը, վերջին հաշվով թողնվել է կրելու 9 տարի 9 ամիս ազատազրկում: Պատիժը կրելու համար Վարդան Անտոնյանը պետք է նորից առնվի կալանքի տակ:

Մեր զրույցում Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի ազատության մեջ գտնվող Վարդան Անտոնյանն անհապաղ կալանքի տակ առնվի՝ այսինքն՝ կատարվի Վճռաբեկ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից ու բողոքարկման ենթակա չէ:

Մարինա Պողոսյանն իր մտահոգությունը հայտնեց Վարդան Անտոնյանին անմիջապես հայտնաբերելու և անհապաղ կալանքի տակ առնելու հնարավորության առումով: Իրավապաշտպանը նշեց, որ ունեցած տեղեկություններով՝ Վարդան Անտոնյանը մինչև Վճռաբեկի նիստի օրը Հայաստանում է եղել, բայց բացառված չէ, որ արդեն թաքնված լինի ու չներկայանա: «Սա մեզ համար լուրջ խնդիր է լինելու… Եթե մի մարդ ակնհայտ կրակել է մեքենայի վրա ու հիմա ազատության մեջ է, ի՞նչ երաշխիք կա, որ չի կրակի, ասենք, իմ մեքենայի, ձեր մեքենայի կամ երթուղային տրանսպորտի վրա… Էդ մարդը սպանության փորձ է կատարել Վահագն Աբգարյանի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը նրան ազատ էր արձակել»:

Մարինա Պողոսյանը Վարդան Անտոնյանի գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման՝ սպանության փորձի համար մեղադրվող անձին դատարանի դահլիճում անհապաղ ազատ արձակելու մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է տեսնում: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ, ճիշտ է, Վարդան Անտոնյանի կրակոցներից բարեբախտաբար ոչ ոք չէր սպանվել, բայց ամիսներ անց դարձյալ կրակոցներ էին արձակվել «Համերի» վրա, և երկու անձ սպանվել էր: «Էն, ինչ չեն կարողացել իրականացնել Ախթալայի կամրջի վրա 2015 թվին, 2016 թվին իրականացրել են: Այսինքն՝ վերաքննիչի դատավոր Ռուզաննա Բարսեղյանն ու բոլորը հասկանում են, որ Ախթալայի կամրջի վրա արձակված կրակոցները չէին կարող լինել «վախեցնելու համար»… Վճռաբեկ դատարանի որոշումը՝ վերաքննիչի անօրինական որոշումը բեկանելու վերաբերյալ, ակնկալվող որոշում էր»:

Վերաքննիչ դատարանի՝ օրերս Վահագն Աբգարյանի վերաբերյալ կայացված որոշման մասին հարցին ի պատասխան՝ Մարինա Պողոսյանը նշեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը հիվանդացել է կորոնավիրուսով, ինքը՝ Վահագն Աբգարյանն էլ ռիսկային խմբում է, քանի որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ նրա վրա հարձակում էր եղել, որի պատճառով Վահագն Աբգարյանը շաքարային դիաբետ հիվանդությունն է ձեռք բերել, որը նախկինում չուներ: Վերաքննիչ քրեական դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ վերջերս կայացրած որոշմամբ բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Ըստ Մարինա Պողոսյանի՝ վերաքննիչ դատարանը, բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի՝ գրավի կիրառման վերաբերյալ որոշումը, չի անդրադարձել Վահագն Աբգարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց, մասնավորապես՝ կալանավորում ընտրելու հարցին:

  • Կիսվել: