երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է. Անդրանիկ Քոչարյան

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է. Անդրանիկ Քոչարյան

«Մենք որոշեցինք դիմել ԱԺ նախագահին՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը  6 ամսով երկարացնելու խնդրանքով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝  իրենք չեն տեղավորվում 6-ամսյա ժամկետի մեջ՝ հաշվի առնելով նյութերի ծավալն ու մարդկանց քանակը։

Թեև, ըստ նրա, օրենքը թույլ է տալիս ժամկետը երկարացնել մինչև 6 ամիս, սակայն, հանձնաժողովի նախագահը կարծում է, որ աշխատանքներն ավելի շուտ կավարտեն։  

Նա նաև նշեց, որ դեռ կան մեծ թվով մարդիկ, որոնց պետք է հրավիրվեն հանձնաժողով։

Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նույնպես հրավիրելու են հանձնաժողով։   

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Մամուլին հետևելով ինքներդ էլ տեսնում եք, որ կան անհանգստություններ, որ այսպես թե այնպես հրավիրվելու են և պետք է պատրաստ լինեն գալու: Չգալն էլ իրենց իրավունքն է, ոչ մեկին հանձնաժողովը իրավունք չունի պարտադրելու: Բայց այս պահի դրությամբ որևէ զինվորական չի մերժել: Ներդաշնակ աշխատում ենք: Կգան, թե չեն գա, չգիտեմ, բայց եթե չգան, ոչ մի կաշկանդվածություն չունենք մեր հարցերը հնչեցնելու: Չգալը շատ լուրջ քաղաքական պատասխանատվություն է լինելու, չգալ  հանձնաժողով, որը միտված է ճշմարտությունը բացահայտելուն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ունեն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի չպարզաբանված հանգամանքներ, ունեցել են խոչընդոտներ, բայց դրանք հաղթահարելով գնում են առաջ:

  • Կիսվել: