ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ակնալճի եզդիական սրբատեղիում տեղի է ունեցել Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ակնալճի եզդիական սրբատեղիում տեղի է ունեցել Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար, լուսահոգի Միրզա Սլոյանի ազգականների և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Մարզպետը ծաղիկներ է խոնարհել և ծաղկեպսակ դրել Իրաքում ԴԱԻՇԻ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Այնուհետև նա ծանոթացել է Շանգալի եզդիների ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրությանը, ապա մասնակցել հիշատակի օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը: Ողջունելով ներկաներին` նա իր վշտակցությունն է հայտնել բարեկամ եզդի ժողովրդին` նշելով.

«2014 թվականին այս օրը եզդիների օրացույցում սև շրջանակի մեջ վերցվեց. եզդիաբնակ Շանգալ բնակավայրում իսլամիստ ահաբեկիչների կողմից հարյուր հազարավոր եզդիներ սպանվեցին, սեռական բռնությունների ենթարկվեցին մեծաթիվ կանայք ու աղջիկներ: Շատերն էլ, չցանկանալով հավատափոխ լինել, ինքնասպան եղան` իրենց ցած նետելով ժայռերից:

Եզդիների ցեղասպանությունը ցնցեց նաև Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին. ամենուր ձևավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և մարդկությանը կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին:

Իսկ այսօր, մեր եղբայրական եզդի ժողովրդի հետ մի բռուցք դարձած, մենք ոգեկոչում ենք Իրաքի հյուսիսում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը և կրկին դատապարտում մարդկության դեմ իրականացված և շարունակվող ոճրագործությունները:

Ինչ խոսք, այսօր նաև փաստում ենք, որ, հարյուր հազարավոր զոհեր ունենալով հանդերձ, եզդի ժողովրդին ցեղասպանել չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև դարերի խորքից եկող այս ազգը պատրաստ է անգամ ինքնազոհողության գնով պահպանել իր հավատը և ազգային արժեքները:

Եվ ուրեմն, փառք եզդի ժողովրդին, հավերժ խոնարհում հանուն ազգային արժեքների իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Թող աստված լույսի մեջ պահի նրանց հոգիները և իր օրհնությունը բերի եզդի ժողովրդին»:

 

  • Կիսվել: