հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ախալքալաքում հետիոտնային կամրջի վերանորոգումը կասկածի տակ է

Ախալքալաքում հետիոտնային կամրջի վերանորոգումը կասկածի տակ է

Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերանորոգման համար Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի արդեն երրորդ անգամն է հայտարարում է տենդեր, բայց ոչ ոք չի մասնակցում, գրում է jnews.ge-ն:

Առաջին անգամ տենդերին մասնակցել էր մեկ ընկերություն: Նա շահել էր տենդերը, սակայն ավելի ուշ հրաժարվել էր փաստաթղթերը տրամադրել, և քաղաքապետարանի Գնումների ծառայությունը որակազրկել էր այդ ընկերությանը:

Երրորդ անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը տենդերը հայտարարել է մայիսի 4-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 17-ն է:

Նշենք, որ կամուրջը վթարային է, մունիցիպալիտետը մի քանի անգամ վերանորոգել է կամուրջը, փոխելով փայտե տախտակները, սակայն կամուրջը հիմնանորոգման կարիք ունի:

Քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից Jnews- ի հետ զրույցում բացատրեցին, որ իրենք հեշտացրել են պայմանները:

«Առաջին երկու տենդերներում մենք պայման ունեինք, որ ընկերությունը կամուրջներ կառուցելու փորձ պիտի ունենար, հիմա մենք հանել ենք այդ պայմանը», – ասացին ենթակառուցվածքների ծառայությունից:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանը Jnews- ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք փոխել են պայմանները, որպեսզի ընկերությունները մասնակցեն տենդերին:

«Միգուցե նրանք մտածում են, որ մեզ պետք է զրոյից կամուրջը կառուցեին, բայց իրականում մենք պետք է վերանորգենք, ուստի վերջին հայտարարության պայմանների մեջ գրեցինք, որ տենդերին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք երկաթբետոնե կոնստրուկցիաների հետ աշխատելու փորձ ունեն և կարող են աշխատել կամրջի դետալներիի հետ », – ասաց Ռոզա Յորդանյանը:

Կամրջի վերանորոգման համար հատկացված գումարը 171 610 լարի է:

 

  • Կիսվել: