հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աջափնյակում ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. քացաքապետարան

Աջափնյակում ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. քացաքապետարան

Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

"Որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։

Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողները։

Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները։

Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում։ Մասնավորապես, արդեն հանձնարարվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։

Հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից",_ գրել է նա։

  • Կիսվել: