«Աջափնյակի» մետրոյի նախագիծը ոչ թե ընթացքի մեջ է, այլ ավարտված է. Ավինյան
«Աջափնյակի» մետրոյի նախագիծը ոչ թե ընթացքի մեջ է, այլ ավարտված է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Նախագիծը պատրաստ է, այս պահի դրությամբ անցնում է պարզ փորձաքննության փուլը, հետո պետք է անցնի համալիր փորձաքննություն: Դա որոշակի ժամանակ է տեւում: Մենք արդեն մեկ քննարկում ունեցել ենք ներդրումային կոմիտեում, վարչապետի մասնակցությամբ: Ակնկալվում է եւս մեկ քննարկում ունենալ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ: Քաղաքապետարանն անընդհատ հետեւողականորեն առաջ է տանում այդ ծրագիրը»:
Խոսելով այն մասին, թե շինարարությունը երբ կսկսվի, Ավինյանը պատասխանեց, որ շատ բան կախված է փորձաքննությունների փուլից: «Որոշակի դժվարություններ են առաջացել, բայց դրանք բոլորը հաղթահարելի են: Կարեւոր հարցերից մեկը ֆինանսավորումն է, դա որոշվելուց հետո, նաեւ փորձաքննությունների փուլից հետո կհայտարարվի շինարարության մասին»,-ասաց նա: