երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԱԻ նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները

ԱԻ նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը և երախտագիտություն հայտնել ԱՄՆ դեսպանության շարունակական համակողմանի աջակցության և արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Լին Թրեյսին շեշտել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցության ծրագրերում առանցքային դեր ունի ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը և այդ գործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Դեսպանը նշել է նաև, որ ԱՄՆ ՄԶ ծրագրի միջոցով հնարավոր է եղել իրականացնել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի գնահատման և հաղթահարման ծրագրեր:

Նախարար Փիլոյանն ընդգծելով 2017-2019 թթ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակը կշարունակվի ամրապնդվել և ընդլայնվել: Նա կարևորել է ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ Գյումրի 1-ում և Աշոցքում հրշեջ-փրկարարական շենքերի և «Սևան» ազգային պարկի տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցումը: Նախարարը նշել է, որ փոխգործակցության համատեքստում դիտարկում է նաև համատեղ ուսումնավարժանքների անցկացումը և փորձի փոխանակումը՝ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:

Այնուհետև կողմերը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները: Առանձնացվել են պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակում հումանիտար աջակցության, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման և բնակչության պաշտպանության կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները:

  • Կիսվել: