ԱՄՆ դեսպանը լիբանանցի լրագրողներին կոչ է արել իրենց «անասունի պես չպահել»
Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերը վրդովմունք են առաջացրել, երբ երեքշաբթի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նա լիբանանցի լրագրողներին կոչ է արել գործել «քաղաքակիրթ ձևով» և իրենց «անասունի պես չպահել»: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Նշվում է, որ Բարաքը, որին միացել էր նաև բանագնացի տեղակյալ Մորգան Օրտագուսը, Լիբանանի մայրաքաղաքում էր «Հըզբոլլահ»-ին զինաթափելու ԱՄՆ ջանքերի շրջանակում։
Նա լրագրողներին կշտամբել է միաժամանակ հարցեր տալու համար, ինչը մամուլի ասուլիսներում տարածված գործելաոճ է, և նրանց վարքագիծը կապել է Մերձավոր Արևելքի «ավելի լայն խնդրի» հետ։
«Խնդրում եմ, մի րոպե լռեք։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Հենց այն պահին, երբ ամեն ինչ քաոսի է վերածվում, ինչպես անասունների մոտ, մենք կանհետանանք։ Այսպիսով՝ ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ է կատարվում։ Եղեք քաղաքակիրթ, բարի, հանդուրժող, որովհետև դա է տարածաշրջանում տեղի ունեցողի խնդիրը»,-հորդորել է նա լրագրողներին:


