երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով բռնկված հրդեհային բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով բռնկված հրդեհային բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ԱԻՆ-ի աշխատակազմը բերվել է բարձր պատրաստվածության հատկապես այն հատվածներում, որոնք տուժել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Վերին Շորժա, Կութ, Սոթք և Այրք բնակավայրերում վնասվել են 195 շենք-շինություններ, այդ թվում, տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասնագոմեր և այլ օժանդակ շինություններ:

«Ներքին Շորժա, Կութ բնակավայրերում վնասվել են հոսանքալարեր, Վարդենիսում հրետակոծության հետևանքով վնասվել է Չարենցի փողոցը, Կութ գյուղում՝ անձնական ավտոմեքենա: Կարող եմ ասել, որ ամենաշատը Գեղարքունիքի համայնքներն են տուժել»,-ասաց Դավիթ Համբարյանը:

 
 

Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Նորավան և Աղիտու բնակավայրերում վնասվել են 5 շենք-շինություններ, այդ թվում, 4 տուն և 1 հանդիսության սրահ: Վնասվել են Սիսիան և Կապան համայնքների որոշ բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը: Հրետակոծության հետևանքով վնասվել են նաև Նորավան-Աղիտու բնակավայրերը կապող ավտոճանապարհը: Կապանում վնասվել են բժշկական կենտրոնի շտապօգնության 2 ավտոմեքենաներ և Նորավան բնակավայրում մեկ անձնական ավտոմեքենա:

 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում վնասվել են 9 շենք-շինություններ, այդ թվում, տներ, հյուրատներ, առողջարան, հրշեջ փրկարարական ջոկատի, ինչպես նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքը: Վնասվել են ավտոճանապարհի որոշ հատվածներ, էլեկտրամատակարարման և գազամատակարարման գծեր: Երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբար: Այստեղ ևս վնասվել է մեկ անձնական ավտոմեքենա:

Ռազմական գործողությունների հետևանքով նաև որոշ հատվածներում հրդեհավտանգ իրավիճակ էր: Հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք խոտածածկ և անտառապատ տարածքներում բռնկվել էր հրդեհ: Մասնավորապես, Սյունիքի մարզում՝ 5 խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզում՝ 7 խոտածածկույթի և 3 անտառապատ տարածք:   

«Այս պահին կարող ենք ասել, որ բոլոր օջախները մարված են, բացառությամբ մեկ ծխացող հատվածի՝ Ջերմուկի անտառների շրջանում: Այն դիտարկվող տարածք է, անվտանգությունից ելնելով աշխատանքներ չեն իրականացվում, բայց հրդեհ չկա, վտանգ չի ներկայացնում»,-ասաց Դավիթ Համբարյանը:

 

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը սահմանամերձ գոտի է ուղարկել հոգեբանների խումբ, ինչպես նաև բուժանձնակազմ, ՊՆ-ի հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար: Գործում է ԱԻՆ-ի 911 թեժ գիծը, հոգեբանական աջակցության կենտրոնը և անհրաժեշտության դեպքում բոլորը կարող են դիմել:  

  • Կիսվել: