ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական վարժարանի ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն, կծանոթանան ռազմական կյանքին

Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական վարժարանի ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն, կծանոթանան ռազմական կյանքին

Տավուշի մարզում հանրակրթական նոր չափորոշիչները կիրառող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարան փոխադրված աշակերտները ռազմամարզական ճամբարում կցուցադրեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում, միևնույն ժամանակ ձեռք կբերեն նոր կարողություններ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմամարզական ճամբարի բացմանն այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ  այս  հերթափոխում ընդգրկված են  Նոյեմբերյան համայնքի 138 երեխաներ:

 

 

 Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանում նախարարը ողջունեց աշակերտներին՝ նշելով, որ երեխաները 10 օր կանցկացնեն այս ճամբարում, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ռազմական կյանքին ծանոթանալու հնարավորություն կստանան:

«Նրանք երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով սովորում  են ամենատարրական հմտությունները, ինչպես օրինակ՝ տեղանքում կողմնորոշվելը, տարբեր իրավիճակներում անհրաժեշտ հմտությունները, գետանցում անելը, դժվար իրավիճակներում, հատկապես անտառային միջավայրում կողմնորոշվելու և շատ այլ նման կարևոր հմտություններ: Ու ինչպես տեսնում ենք թե՛ տղաները, թե՛ աղջիկները խառը խմբերով մասնակցում են պարապմունքներին: Պարապմունքները արվում են նաև գիշերվա ժամերին, որպեսզի օրինակ՝ երկնքում աստղերի դիրքով կարողանան կողմնորոշվել»,-ասաց նախարարը:

 

Ըստ նրա՝  այս ճամբարը շատ կարևոր գիտելիք է տալիս, քանի որ մի բան է, երբ դասարանում նստած ես սովորում, մեկ այլ բան է, երբ որ դու ինքդ փորձում ես բնության գրկում:

«Կարծում եմ սա հնարավորություն է տալու, որպեսզի մենք էապես բարելավենք  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակը: Բայց պետք է նշենք, որ սա միայն զինվորական պատրաստության մասին չէ, այստեղ ներառված է նաև քաղաքացիական պաշտպանությունը, որը ամենատարբեր տարերային աղետների և տարբեր անսպասելի իրավիճակներում կողմնորոշվելու  ամենատարրական հմտություններն և առաջին բուժօգնություն է ուսուցանում»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ 2024 թվականին  ծրագիրը դառնալու է պարտադիր բոլոր դպրոցների համար:

Իսկ հարցին, թե արդյո՞ք բավարար ռեսուրս կունենանք հանրապետության բոլոր դպրոցները ծրագրում ընդգրկելու դեպքում, նախարարը նշեց, որ այդ հարցը շատ մանրամասն քննարկել են, քանի որ թե՛  ռեսուրսի, թե՛ կադրային առումով պետք է ամեն ինչ ճիշտ պլանավորել: Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արդեն արել են, որոշակի բարդություններ կան, բայց համագործակցելով Պաշտպանության նախարարության հետ, կկարողանան ամեն ինչ կազմակերպել:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը նշեց, որ ճամբարի նպատակն է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնել և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնել, նաև տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով ամրապնդել: Ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորել, բարձրացնել կարգապահության և պարտականությունների կատարման պատասխանատվության գիտակցումը:

«Նշեմ, որ ճամբարի ծրագիրը կառուցվել է գործնական պարապմունքների հիմքի վրա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի վաշտի կառուցվածքի նմանությամբ։ Ճամբարն ունի ուսումնական ծրագիր, որը ոչ միայն ապահովում է դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի 10-րդ դասարանում անցած ծրագրի գործնական պարապմունքները, այլև կան թեմաներ, որոնք չեն կրկնում ՆԶՊ ծրագիրը: Նախ պետք է ասեմ, որ ռազմամարզական այս  ճամբարների ներդրումը բավականին լուրջ առաջընթաց էր նախնական զինվորական պատրաստման ոլորտում և՛ գիտելիքների, և՛ կարգապահության, և՛ հայրենասիրական դաստիարակության մոտեցման մեջ»,-ասաց Արթուր Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ արդեն երկու տարվա փորձը ցույց է տվել, որ որոշ ծրագրեր պետք է ավելի ընդարձակվեն և խորացվեն: Ըստ նրա՝ կան մի քանի տեսական դասընթացները, որոնք կարելի է նաև իրականացնել գործնական պարապմունքների միջոցով:

«Իհարկե, ծրագիրը ժամանակի ընթացքում փոփոխության կենթարկվի և ծրագրային մասերը կընդարձակվեն: Ծրագիրն ունի ինը բաժին, կան առանցքային բաժիններ, որոնք նույնությամբ կմնան, բայց կա, օրինակ, գոյատևման հիմունքներ ծրագրային բաժինը, որ հաջորդ տարի ավելի կընդարձակվի»,-ասաց մասնագետը:

Կողբ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզի Ազատյանն ընդգծեց, որ ռազմամարզական ճամբարում ստացած գիտելիքների շնորհիվ կյանքում հայտնվելով տարբեր իրավիճակներում՝ կկարողանան հեշտ հաղթահարել դրանք, քանի որ իրենք կստանան լուրջ հմտություններ և գիտելիքներ:

«Նման վարժանքները շատ կարևոր են, քանի որ կյանքի տարբեր ժամանակահատվածում չես կարող իմանալ, թե ի՞նչ կարող է լինել և այս վարժանքը շատ կարևոր  է նրանով, որ կարող է լինել դեպք, որ անհրաժեշտ կլինի առաջին բուժօգնություն տրամադրել, վիրավոր տեղափոխել կամ շտապ անցնել տարածքը պարանների օգնությամբ և էլի շատ գիտելիքներ, որոնք մեզ կյանքի տարբեր փուլերում կարող են օգնել»,-ասաց նա:

  • Կիսվել: