երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
6 ամսականից մինչև 15 տարեկան երեխաները բորդյուրին նստած են եղել ամբողջ գիշեր. ՊՆ նախկին շենքի բնակիչ

6 ամսականից մինչև 15 տարեկան երեխաները բորդյուրին նստած են եղել ամբողջ գիշեր. ՊՆ նախկին շենքի բնակիչ

Այս վիճակից հոգնել ենք, վերջիվերջո այս վիճակին պետք է լուծում տան, թե չէ: Այս մասին ասաց ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացիներից մեկը:

«Գիշերը դրսում ենք եղել, պակռիշկա ենք վառել, 6 ամսականից մինչեւ 15 տարեկան երեխեքը առանց քնելու են անցկացրել, բորդյուրների վրա: Չեմ հասկանում՝ իրենց դո՞ւր է գալիս, որ ողջ երկրով մեկ խայտառակ են լինում: Էն թվերին, որ էս շենքը մնացել էր անտերության մատնված, ինչո՞ւ տիրություն չէին անում, էսքան ժողովուրդ մտավ, տուն սարքեց, հիմա որոշեցին վերցնե՞ն: Ինչի՞ համար: Ինչ են ուզում մեզնից, չկա՞ իրենց մեջ մի տղամարդ, որ գա մեր հետ խոսի: Ոստիկաններին են ուղարկում, ոստիկաններն ինչ հարց կարող է լուծել»,- ասաց նա:

Հարցին՝ այլ գերատեսչությունից մարդիկ չեն եկել, կինը պատասխանեց. «Եկել է սոցնախարարը, տուն առաջարկեց, ոմանց բանալի տվեցին, գնացին, չգտան էդ հասցեները, մենք այդպես էլ չհասկացանք դա ինչ խաղ էր: Ուղղակի նրանց պետք է, որ ազատենք այս տարածքը, բայց մենք դա չենք անելու»,- նշեց քաղաքացին:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ շուրջ մեկ ամիս է հոսանքն անջատել են, երեխաները մթան մեջ էին դաս անում. «Դասատուն հարցնում է, ասում են՝ մոմի տակ ենք դաս արել: հիմա ո՞ր դարն է, որ երեխեն մոմի տակ է դաս անում: Թող էս հարցը լուծեն, մենք տեղ չունենք գնալու: Սա մեր շենքն է, ոչ մի տեղ չենք գնալու»,-ասաց նա:

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Փետրվարի 16-ի առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում: Նրանք գիշերն անցկացրել են ՊՆ նախկին շենքի մոտ:

Երեկ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց հանել։  26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել  Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։

  • Կիսվել: