երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
44-ամյա քաղաքացին փորձել է խեղդել թոշակառու կնոջը, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները

44-ամյա քաղաքացին փորձել է խեղդել թոշակառու կնոջը, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները

Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Վաղաշեն գյուղում հարձակվել են նույն գյուղի 90-ամյա բնակչուհու վրա, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Վաղաշեն գյուղի 44-ամյա բնակիչը, գլխարկը գլխին քաշած, դանակը ձեռքին, մտել է թոշակառու կնոջ տուն, քաշելով հանել է տնից, ձեռքերով հարվածներ հասցնելով՝ փորձել է խեղդել նրան, ապա քաշել պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը և դանակով վնասելով նախաբազուկը՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կասկածյալը Վաղաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մարտունու բաժին: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը և բժշկական դիմակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարանոցի կախազարդը և մեկ ականջօղը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: