28-ամյա վարորդը Բանգլադեշում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Չատալբաշյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Անահիտ Եղիազարյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Վարդան Գրիգորյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:



