Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել գրավոր հարցման պատասխանից։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Ավելի վաղ գրել էինք, որ հայկական շուկան, որը դեռ վերջերս զարգանում էր և կայուն եկամուտ բերում արտադրողներին, այսօր ճգնաժամի մեջ է. երբ Ռուսաստանը սահմանափակեց հայկական արտադրանքի ներմուծումը, ու պարզվեց, որ ՀՀ–ում աճեցված ծաղիկները հնարավոր չէ իրացնել Եվրամիությունում, տնտեսվարողները բախվեցին լուրջ խնդիրների։
Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել գործող ծաղկային ջերմոցային տնտեսությունների քանակի, դրանց ընդհանուր տարածքի և արտադրության ծավալների, ինչպես նաև ներքին վաճառքի և արտահանման հարաբերակցության, ՌԴ սահմանափակումների ներդրումից հետո ԵՄ երկրներ մատակարարումների դինամիկայի և ամբողջ արդյունաբերության համար վնասի գնահատման վերաբերյալ:
«Ծաղկային ջերմատնային տնտեսությունների կրած վնասներն առնչվում են տնտեսվարողների ներքին գործունեությանը, ուստի էկոնոմիկայի նախարարությունը դրանց վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում», - հայտնել են գերատեսչությունից:
Ինչ վերաբերում է ԵՄ երկրներ ծաղկային արտադրանք արտահանելու ծավալներին և մատակարարումների աշխարհագրությանը, ապա նախարարությունը խորհուրդ է տվել դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
Անդրադառնալով ոլորտի աջակցության միջոցառումներին՝ գերատեսչությունը հիշեցրել է հունիսի 4-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կառավարության ընդունած ծրագրերի մասին և տեղեկացրել, որ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում իրացման այլընտրանքային շուկաներ գտնելու ուղղությամբ:
«Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արտաքին գործերի նախարարության և արտերկրի ՀՀ դեսպանների հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում տվյալ երկրներ հայկական ծագման ապրանքների արտահանման նպատակով գնորդներ գտնելու ուղղությամբ», - ասված է գերատեսչության պատասխանում:
Այդ նպատակով դեսպաններին է տրամադրվել արտահանման ենթակա ապրանքների ցանկը, մինչև տարեվերջ արտահանման ենթակա ապրանքների գնահատված ծավալները, ինչպես նաև արտադրող և արտահանող ընկերությունների ցանկերը՝ կոնտակտային տվյալներով։ Արդեն կնքված պայմանագրերի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկատվությունը առաջարկվում է ստանալ ոլորտի տնտեսավարողներից։
Բացի այդ, նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել ծաղկի ներմուծմամբ հետաքրքրված օմանական, էմիրաթական, եգիպտական, եվրոպական, ուկրաինական և այլ երկրների` ծաղկի ներմուծմամբ հետաքրքրված տնտեսավարողների ներկայացուցիչների հետ, հանդիպումներին մասնակցել են նաև ծաղիկ արտադրող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում կազմակերպվել են այցելություններ ծաղկի ջերմատնային տնտեսություններ»,-գրում է կայքը։



