երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային. ԱՆ

2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային. ԱՆ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում-քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
 
«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը՝ նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:
 
Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում՝ էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի «Արմեդ» համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:
 
Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:
 
Քննարկումները շարունակվելու են:
 
Հիշեցնենք, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել.
  • անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը.
  • հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները).
  • հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:
2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային:

  • Կիսվել: