չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2022 թվականին կրթության ոլորտին կուղղվի շուրջ 175 միլիարդ դրամ

2022 թվականին կրթության ոլորտին կուղղվի շուրջ 175 միլիարդ դրամ

Կրթությունը շարունակում է մնալ Կառավարության գերակայությունների շարքում: Այս ոլորտին կուղղվի 175 մլրդ դրամ, ինչը շուրջ 23,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա բյուջետային հատկացումից: Հատկացումները կուղղվեն 10 ծրագրերի իրականացմանը: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

Առաջին անգամ 237 մլն դրամ է նախատեսվել սոցիալական որոշ խմբերի 1670 երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար: 

Արտադպրոցական դաստիարակության ծրագրերի գծով ծախսերի աճը կազմում է 525 մլն դրամ: Նախատեսվում է 3200 դպրոցականի ամառային հանգստի, հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցիների ռազմամարզական ճամբարի կազմակերպում: Նախատեսվել է դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգում:

Կրթության որակի ապահովման ծրագրով նախատեսվել է ծախսերի աճ: Շուրջ 1,5 մլրդ դրամ նախատեսվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար: 2022-ին 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում է նախատեսվում՝ 2021 թ. 1100-ի դիմաց:

Զգալի ներդրումներ են նախատեսվում մարզական օբյեկտների շինարարության և գույքով ապահովման ուղղությամբ: Երիտասարդական ծրագրերի մասով էական փոփոխություններ նախատեսված չեն:

Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22,5 մլրդ դրամ՝ 65,6 տոկոսով ավելի նախորդ տարվանից:

Մշակույթի ոլորտին կհատկացվի 16,5  մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 7,4 տոկոսով ավելի: Նախատեսվում է 6 ֆիլմի ստեղծում: Մարզերի մշակութային կյանքի աշխուժացման նպատակով եւս միջոցներ կտրամադրվեն:

Սպորտի ոլորտի ծախսերը կկրկնապատկվեն: Հիմնական գերակայությունը մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում մեր երկրի դիրքի բարելավումը և առողջ ապրելակերպի մասսայականացումը:

Ամփոփելով՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության գծով բյուջեի ավելացումները հիմնականում կուղղվեն կապիտալ ծախսերին՝ շուրջ 30 մլրդ դրամ և գիտության զարգացմանը՝ շուրջ 10 մլրդ դրամ: 

Պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են կինոծրագրերի իրագործմանը, մարզերի դպրոցների հիմնանորոգմանը, մոդուլային մանկապարտեզների շենքային ապահովման հայեցակարգին, միջազգային փառատոններին մեր երկրի ներկայացվածության կարևորությանը, հայագիտության զարգացման ծրագրերին և ոլորտային այլ ուղղություններում հատկացումների բաշխվածությանը:

  • Կիսվել: