չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2021-ին Հայաստանում ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք է հայտնաբերվել

2021-ին Հայաստանում ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք է հայտնաբերվել

2021-ին Հայաստանում ակտիվ տուբերկուլոզի 426 դեպք է հայտնաբերվել: Դրանցից 369 նոր դեպքեր էին, իսկ 57-ը՝ կրկնահիվանցավածներ. վերջիններս նախկինում արդեն հիվանդացել էին տուբերկուլոզով եւ բուժվել էին, սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը կրկին գլուխ էր բարձրացրել, կամ էլ պացիենտները նորից էին վարակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանը:

Նրա խոսքով, 2020-ին ակտիվ տուբերկուլոզի դեպքերը 444-ն էին:

Վերջին 10 տարիների ընթացքում, մասնագետի խոսքով, Հայաստանում տուբերկուլոզի առումով համաճարակային իրավիճակի նկատելի բարելավում է գրանցվել. հիվանդացությունը նվազել է 4.4 անգամ:

2011 թվականին հիվանդացության ցուցանիշը 56.2 էր՝ 100 000 բնակչության հաշվարկով, 2019-ին՝ 21, իսկ 2021-ին՝ արդեն 13.4, ինչը մեծ ձեռքբերում է համարվում: Տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի հիմնական նպատակն էր հիվանդացությունը նվազեցնել մինչեւ 15 եւ ավելի ցածր, եւ այդ նպատակին երկիրն արդեն հասել է, սակայն հիմա պետք է ամեն ինչ անել՝ այդ ձեռքբերումները պահպանելու համար:

Նշենք, որ մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը, որի հետ կապված Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ սկրինինգային հետազոտություններ մարզերում, Սյունիքում տուբերկուլոզի ակտիվ ձեւերի հայտնաբերում, բժշկական խորհրդատվություններ, մի շարք այլ միջոցառումներ եւ հանդիպումներ:

Նշենք նաեւ, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Mycobacterium tuberculosis complex-ը: Վարակի աղբյուր հանդիսանում է թոքային տուբերկուլոզով կամ շնչառական օրգանների տուբերկուլոզով պացիենտը, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս օդ է արտազատում աէրոզոլային մասնիկներ:

  • Կիսվել: