երեքշաբթի, մայիս 17
17 / 5 / 2022
2021-ին արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր. ԽԱՊԿ զեկույցը

2021-ին արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր. ԽԱՊԿ զեկույցը

2021թվականը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։ Տարին լի էր լրագրողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների դեպքերով, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Այս մասին իր 2021 թվականի զեկույցում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Մասնավորապես՝ ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով:

Թե՛ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե՛ քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են՝  նույնականացվելով այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո է գործում տվյալ ԶԼՄ-ն։ Հարձակումներ են գրանցվել հատկապես զանգվածային միջոցառումների՝ ցույցերի, երթերի ու հանրահավաքների ժամանակ, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում։

Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր։ Տարատեսակ այլ ճնշումները 107-ն են։ Դրանց մեջ են ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, հաշվեհարդարի կոչերը, դատական գործերը, ինչպես նաև՝ քաղաքացիների, իշխանության ներկայացուցիչների, հայտնի քաղաքական գործիչների կողմից դրսևորած անվայելուչ պահվածքի և անարգանքի դեպքերը։

Ինչ վերաբերում է զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական նոր հայցերին, ապա դրանց մեծ հոսքը  տարվա ընթացքում շարունակվել է. գրանցվել է 60 նոր գործ։ Այս միտումը հատկապես մտահոգիչ է իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ֆոնին։ Այսպես՝ մարտի 24-ին Ազգային ժողովն ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումների առավելագույն չափերը եռապատկվեցին։ Իսկ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեականացվեց, այսպես կոչված, «ծանր վիրավորանքը»։ Ընդ որում՝ առավել պաշտպանության տակ առնվեցին հանրային ու պետական գործունեություն իրականացնողները, մի քանի այլ խմբեր, որոնց վիրավորելն ավելի խիստ պատիժ է նախատեսում, քան շարքային քաղաքացու դեպքում, ինչը խտրական վերաբերմունքի դրսևորում է:

Օրենսդրական այս փոփոխությունները վտանգավոր են այն առումով, որ հատկապես հանրային դեմքերն իրենց հասցեագրված քննադատությունն ու սուր խոսքը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և փորձում են դատական հայցերի, իրավական այլ մեխանիզմների կիրառմամբ հաշվեհարդար տեսնել: Իրավապահ մարմիններն արդեն իսկ ակտիվորեն կիրառում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածի դրույթը. մինչև դեկտեմբերի 31-ն արձանագրվել է այդ հոդվածի հատկանիշներով 418 դեպք, որոնցից 263-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել 31 անձի:

Հարուցված քրեական գործերից մեկն առնչվել է լրատվամիջոցի, սակայն կարճվել է:

Վիճակը բարվոք չէ նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի ապահովման հարցում։ Տարվա ընթացքում գրանցվել է այդ իրավունքի 99 խախտում՝ նախորդ տարվանից 9-ով ավելի։ Այս առումով մտահոգիչ է նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է govtravel.am կայքում այլևս չհրապարակել պաշտոնական այցերի, չվերթների, դրանց հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները։ Քննարկման փուլում է մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am հարթակում չհրապարակել պաշտոնատար անձանց գործուղումների, ինչպես նաև՝ մեկ անձից իրականացվող գնումների մասին և մի շարք այլ տվյալներ:

Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչը, սակայն, դարձյալ լիարժեքորեն չի լուծում ոլորտում առկա խնդիրները։ Թեև նախաձեռնության հեղինակները որոշ չափով հաշվի էին առել ԽԱՊԿ-ի և այլ կազմակերպությունների քննադատությունն ու առաջարկությունները, այդուհանդերձ, մի շարք կարևոր խնդիրներ չլուծվեցին, այդ թվում՝ կապված պետական կառույցներում լրատվամիջոցների հավատարմագրման հետ։

Տարվա ուշագրավ իրադարձություններից էր «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի ընդունումից հետո հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը՝ 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 8 մարզային սփռման համար: Ըստ անկախ մեդիա փորձագետների՝ ոչ նոր օրենքը, ոչ էլ անցկացված մրցույթը էական ազդեցություն չունեցան հայաստանյան եթերի բարեփոխման վրա։ 

  • Կիսվել: