կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
18 տարեկանում ամուսնանալը համարում եմ սխալ. Թորոսյան

18 տարեկանում ամուսնանալը համարում եմ սխալ. Թորոսյան

Նույնիսկ 18 տարեկանում ամուսնանալը ես համարում եմ սխալ, թեկուզ չափահասության տարիքն է: Այս մասին «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նա անդրադարձել է նաև ավանդույթներին. «Իսկ ո՞վ ասաց, որ բոլոր ավանդույթները լավն են և ճիշտ։ Ես կասկածի տակ եմ դնում այդ թեզը։ Մարդկության, գիտության զարգացմանը զուգահեռ բազմաթիվ ավանդույթներ, ապացուցվել է, որ սխալ են կամ առնվազն համահունչ չեն այսօրվա իրողություններին»։

Թորոսյանի խոսքով՝ ժամանակին նաև թագավոր էին դառնում 12 տարեկանում:

«Իմ տղան 11 է շուտով, և ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ ինքը կարող է 12 տարեկանում էդ մասշտաբի հարցեր որոշել։ Ինքը նույնիսկ իր կյանքի վերաբերյալ չի կարող որոշումներ կայացնել, ուր մնաց՝ պետական հարցերի»,-նշել է նա:

Ըստ Թորոսյանի՝ մոտ հազար տարի առաջ, երբ այդ ամենը տեղի էր ունենում, մարդու կյանքի միջին տևողությունը 35 տարեկան էր. «Մարդիկ 35 տարեկանից ավել հիմնականում չէին ապրում… Բայց մենք հիմա խոսում ենք, որ 80 տարեկանն էլ է քիչ»։

 

  • Կիսվել: