հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
15 զինծառայողի կյանք խլած Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մեկ տարի է անցել

15 զինծառայողի կյանք խլած Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մեկ տարի է անցել

15 զինծառայողի կյանք խլած Գեղարքունիքի  մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգական հրդեհից 1 տարի է անցել, զոհված 15 զինծառայողների ծնողները դժգոհ են և՛ նախաքննությունից, և՛դատաքննությունից։ Նրանք կասկածներ ունեն, որ քննվող պաշտոնական վարկածը կեղծ է, և իրական դրդապատճառները թաքցվում են ընդհուպ վարչապետի մակարդակով։ Գործն այժմ դատաքննության փուլում է, հարցաքննվում է գործով վկաներից Լևոն Խառատյանը,  որը, ըստ ծնողների, խեղաթյուրում է փաստերը։

20-ամյա Հայկ Կիրակոսյանը հունվարի 24-ին պետք է զորացրվեր։ Վարդենիսի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհը, սակայն, ընդհատեց նրա ու ևս 14 զինծառայողի կյանքը։ Կիրակոսյանների ընտանիքում մեկ տարի է՝ սուգ է։ Ծնողները մինչև հիմա որդու զոհվելու լուրից ուշքի չեն գալիս։

Ծնողները NEWS.am-ին պատմում են, որ Հայկը հունվարի 18-ի գիշերը հերթապահությունը հանձնել է ծառայակցին, ու գնացել քնելու, զանգել է հորը, հետո ընկերուհու հետ խոսել, թե ինչ է տեղի ունեցել հետո, մինչեւ հիմա առեղծված է ինչպես Հայկի, այնպես էլ 14 զինծառայողների ընտանիքների համար։

«Ես պահանջում եմ իրենցից իմ երեխան հունվարի 24 գալու է, Պաշտպանության նախարարից, վարչապետից, ոնց որ երեխուս տարան, ես առողջ, ուժեղ, պինդ տղա եմ տվել իրենց, հետ տան իմ երեխուն»,- ասում է մայրը։

Զոհվածների ծնողները վստահ են՝ պաշտոնական վարկածը, որով էլ դատաքննությունն ընթանում է, կեղծ է։ Նրանք կասկածներ ունեն, որ գործը կոծկվում է՝ բարձրաստիճան այլ զինվորականների փրկելու նպատակով։

«Հունվարի 19-ի առավոտյան վարչապետի կողմից գործը փակվավ։ Իր կողմից դա հրաման էր, թե գործը որ ուղղությամբ պետք է տարվի։  Ինչը պաշտոնական վարկածի դեմ է, իրենք աչք են փակում։ Այդ մեղադրյալները, որոնք այնտեղ նստած են, իրենք շատ փոքր ֆիգուրներ են այս գործի համար։ Գործի մեջ ռեալ մեղավորները ազատության մեջ են։ Գուցե երեխեքը ինչ-որ բան են իմացել, որ պիտի չիմանային, այնտեղ մեծ քանակությամբ վառելիքի առևտուր է եղել, գուցե պետք է չբացահայտվեր, անցան էդ երեխեքի կյանքի վրայով, որ իրենք պատասխանատվության չենթարկվեն»,- շեշտում է հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Ծնողները տարբեր վարկածներ են առաջ քաշում՝ հակառակորդի դիվերսիայից մինչև դիտավորյալ սպանություն, իսկ վարույթն իրականացնող մարմինը քննարկում է միայն պաշտոնական՝ անզգուշությամբ հրդեհ առաջացնելու վարկածը։ Մինչդեռ այս գործում ծնողների համար շատ մութ հանգամանքներ կան։ Զինվորներն 85-ից 95 տոկոս այրվածքներ են ստացել, ճկվել են անգամ մահճակալները, սակայն հատակի որոշ հատվածներում նույնիսկ ներկի գույնը չի վնասվել․ «Էս ապուշները գոնե նենց մի վարկած հնարեին, որ գոնե համոզվեինք մեր հանգիստ լինելու համար։ Պոլերի 20-30 տոկոսն է այրվել, երեխեքը մոխրացել են։ Մենակ թուրքը կարա հայ զինվորի սպանությունը թաքցնի»։

Զոհվածների ծնողները որդիների մահվան մեջ մեղադրում են պատասխանատուներին՝  ընդհուպ մինչև գերագույն հրամանատար «Սուրեն Պապիկյան, բանակումդ 15 զոհ է եղել, դու մի հատ հայտարարություն չանեի՞ր, այ տականք, դու քո լակոտներին կտանեի՞ր այդ տանը պահեիր, թե՞ քո երեխու արյունը իմունուց կարմիր ա։ Ալենչոն ասում ա՝ թուրքի հետ պիտի առևտուր անենք, բա տականք, ինչի՞ ես էս երեխեքին տարել, լցրել սահմանին։ Դու ուզո՞ւմ ես թուրքի հետ ապրես, տար քո տուն, ես երեխա եմ տվել, որ թուրքի հետ չապրեմ»։

Այրված զինվորների գործը դատարանում է, ծնողները նիստերը անվանում են ծաղր զոհվածների նկատմամբ, այժմ քննարկվում է պետական գույքի գնահատման հարցը․  «Հարցնում եմ պետությանը․ դու ի՞նչ գույք ես ունեցել այնտեղ, որ գույքի գնահատում ես անում, 4 դատարկ ու ավերված պատերից բացի ի՞նչ ես տվել էդ երեխեքին, էդ ոչ մարդկային պայմաններից բացի, ջուրն երեխեքն էին քաշել, բաղնիքը իրենք սարքեցին, «գեյզերը» իրենք առան, դրեցին, տան ռեմոնտը իրենք են արել, լվացքի մեքենան ծնողն է տարել, պլիտան և այլն»։

Նշենք, որ Հայկ Կիրակոսյանը քոլեջն ավարտելուց հետո մեկ ամիս սովորել էր ԱԻՆ ակադեմիայի Կառավարում բաժնում, կիսատ թողել ուսումն ու մեկնել ծառայության։ Կենսուրախ ու ընկերասեր Հայկը երբեք չէր բողոքում ծառայությունից, վստահեցնում էր, որ ծառայակիցների հետ մի ընտանիք են։  

Հիշեցնենք, որ Սևանի դատարանում այժմ դատաքննությունն է ընթանում, հարցաքննվում է վկա՝ Լևոն Խառատյանը, որին Հայկը հանձնել էր հերթապահությունը, վկան բազմաթիվ հարցերի պատասխաններ ասում է, թե չի հիշում։ Դատական բոլոր նիստերն անցնում են գերլարված մթնոլորտում, որովհետև, ըստ ծնողների, վկան խեղաթյուրում է փաստերը։

Ծնողները դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու ընթացքում ձեռք են բերել ձայնագրություններ։ Դրանցից մեկում կացարանից դուրս գտնվող զինծառայողը խուճապահար  զանգահարում է հրամանատարին՝ զեկուցելու հրդեհի մասին։

Ձայնագրությունից հատված

«Զինծառայող - Ախպեր սաղ տունը պաժար ա ընկել, 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել։

Վաշտի հրամանատար - Ո՞վ ա պատասխանատուն։

Զինծառայող – Եղոն։

Վաշտի հրամանատար - Ըտեղ ա՞։

Զինծառայող - Ախպեր տունը չկա, կազարմեն սաղ կրակ է։

Լսվում են գոռոցներ»։

Ծնողն իր ձեռքին դեռեւս չունենալով այդ ձայնայնագրությունը, խոսել է հրամանատարի հետ դեպքի վերաբերյալ, վաշտի հրանանատարը տվյալ խոսակցությունը հետեւյալ կերպ է ներկայացրել.

Ձայնագրությունից հատված

«Որ զանգին ասին՝ պաժար ա, գիտես՝ ինչ ձև ասեցին, որ իմ մոտ տպավորություն էր, որ հա, պաժար է, բայց դեմը հնարավոր է առնել, ասում եմ՝ տղերքին հանեք դուրս, զանգում եմ պաժարնի, գամ»։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իրեն վաշտի հրամանատարը այդպես ներկայացրել իրավիճակը.  Ի՞նչ միտում ունի կեղծելը»,- ասում է զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ 5 սպաներ մեղադրյալի աթոռին են, նրանցից երեքը կալանավորված են։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

  • Կիսվել: