հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից. փաստաբանին չեն հայտնել Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը

Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից. փաստաբանին չեն հայտնել Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանի նախագահն ու դատավոր Տիգրան Սիմոնյանը հրաժարվել են իրեն հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը։

Գրառման մեջ ասվում է․ «Քիչ առաջ վերադարձա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից։

Ինչպես դատարանի նախագահը, այնպես էլ նույն շենքում դատավորի աշխատավարձ ստացող Տիգրան Սիմոնյանը հրաժարվեցին հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը։

Դեռ ավելին, վերջիններս հարկ չհամարեցին նաև ինձ ծանոթացման ներկայացնել դատական գործը, ինչից ակնհայտ է, որ զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից։

Դե ինչ, քանի որ բողոքը քննելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանում է վաղը, իսկ երեկ և այսօր բողոքի քննություն չի իրականացվել, ուստի բողոքը քննվելու է վաղը, իսկ Սիմոնյան Տիկոն էլ գրավոր դատավարության մասնակիցներին վաղը (դե իհարկե պատշաճ կարգով) կծանուցի վաղվա դատական նիստի օրվա և ժամանակի մասին։

Տղաներ և աղջիկներ խորհուրդ ունեմ ձեզ, տեղեկանք չդնե՜ք գործի մեջ, հետքեր չթողնեք ու նաև մտածեք, թե վաղվա ամսաթվով վաղվա նիստի մասին ծանուցագրի առկայությունը ձեր ինչ լինելու մասին ա վկայում...

Հ.Գ. ես թղթեր, նկարներ ու զապիսներ շատ ունեմ, չմտածեք ու վաղվա նիստերի գրաֆիկն էլ հանկարծ չկախեք»։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է 2022 թ․ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից Ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

  • Կիսվել: