երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Զոհվածների ծնողները Քյարամյանի դեմ հաղորդում և գործն ԱԱԾ-ում քննելու դիմում ներկայացրին

Զոհվածների ծնողները Քյարամյանի դեմ հաղորդում և գործն ԱԱԾ-ում քննելու դիմում ներկայացրին

Զոհված զինծառայողների հարազատները դիմում են ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում ասաց զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը։
 
Տղամարդը հրաժարվեց մանրամասնել հայտնել Քյարամյանի դեմ բողոքի բովանդակությունից` ասելով, որ եթե գործը տեղափոխեն ԱԱԾ, այդ մասին չի էլ բարձրաձայնվի` դա կմնա ծնողների և Քյարամյանի միջև։ Ազատյանը հայտնեց` Քյարամյանի հետ հանդիպմանը 22 ծնող է ներկա եղել, որոնց ստորագրությամբ հաղորդումը և միջնորդությունը կներկայացվի դատախազություն։
 
Ծնողները դատախազության ներկայացուցչին հանձնեցին իրենց միջնորդությունն ու բողոքը։
Զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպմանը շատ վատ է իրեն պահել. «Ես ներկա չեմ եղել, սակայն կնոջս պատմելով` Քյարամյանը շատ վատ է իրեն պահել, հաթաթա է տվել, որ եթե մեկը ձայնագրի զրույցը, քրգործ է հարուցելու և անձամբ հետևելու է, որ դատվի»։
Ինչ վերաբերում է քրգործը ՔԿ-ից վերցնելու և ԱԱԾ-ում քննելու միջնորդությանը, Գալեյանը նշեց, որ քննչական կոմիտեին չեն վստահում, իսկ ԱԱԾ-ի հանդեպ վստահությունը չեն կորցրել` չէ՞ որ երկրի անվտանգությունն է ապահովում։
Ի դեպ, ծնողներն ակնկալում են, որ դատախազությունը հնգօրյա ժամկետում կպատասխանի իրենց դիմումներին։
Հիշեցնենք, որ դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը ՔԿ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքով դիմել են Վերաքննիչ քրեական դատարան։
 

  • Կիսվել: