շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զոհվածների ծնողները Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու հարցով դիմում են դատախազություն

Զոհվածների ծնողները Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու հարցով դիմում են դատախազություն

Ցորի Դ-20 հրետանային զորամասի զոհված զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազության շենքի դիմաց են՝ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակով՝ հիմք ընդունելով Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն արտահայտությունը, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի»։

«Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, և պատժվողներ լինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը արդեն իսկ ինքնախոստովական ցուցմունք էր հանցագործության մասին, որին ընթացք չտալով՝ մենք սխալ կվարվենք մեր երեխաների հանդեպ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս դիմումին ընթացք տրվի։ Ակնկալում ենք՝ Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Եթե հանկարծ Դատախազությունը կանխակալ մոտեցում ցուցաբերի, անաչառություն չցուցաբերի մեր գործի վերաբերյալ, տանը չենք նստելու, անձամբ ես պատրաստ եմ գնալ, խնդրել բոլոր կառույցներին՝ բանկերին, բուժհաստատություններին և այլն, գործադուլ սկսել, տեսնեմ այդ պայմաններում ինչպե՞ս ընթացք չեն տալու»,- ասաց նա։

Ծնողները նշեցին, որ անկախ քաղաքական հայաքներից՝ մասնակցելու են ցանկացած շարժման, որը կկարողանա պատասխանատվության կենթարկել Նիկոլ Փաշինյանին։

Նախաձեռնությանը միացել է շուրջ 60 ծնող։

Նշենք, որ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց երեխաներն արժանացել են այդ ճակատագրին բանակի ղեկավարության սխալ տեղեկությունների կամ տեղեկությունների բացակայության պատճառով։ Այս գործով ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

  • Կիսվել: