ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զինծառայողին բռնության ենթարկելու դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Զինծառայողին բռնության ենթարկելու դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Արդեն երկու օր է մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Նյութերը սկսել են նախապատրաստվել զինծառայողի զորամասը լքելու դեպքի առթիվ: Ավելի ուշ երբ հրապարակումները եղան, որտեղ նշվում էր, որ զինծառայող է բռնության ենթարկվել, մեր կողմից այդ նյութերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի նախապատրաստվող նյութերի շրջանակներում քննության առարկա դարձվի»,-նշեց նա:

Ավելի վաղ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ նորակոչիկի հարազատները նշել են՝ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել:

  • Կիսվել: