հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերմիշյանի գործից մինչև ընտրակաշառքի գործ․ «Երևանշին» ՍՊԸ-ում խուզարկության արդյունքում են հայտնաբերվել ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթեր

Վերմիշյանի գործից մինչև ընտրակաշառքի գործ․ «Երևանշին» ՍՊԸ-ում խուզարկության արդյունքում են հայտնաբերվել ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթեր

Այս պահին ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հաղորդումը։

Դավթյանը սկզբում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել խուզարկություն իրականացնել «Երևանշին» ՍՊԸ-ում։ Ըստ Դավթյանի այս ՍՊԸ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վկայում են ընտրությունների ժամանալ ծախսած գումարների մասին։

Ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հունիսի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում «Երևանշին» ՍՊԸ-ի տնօրենը ցուցմունք է տվել և ասել, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և ասել, որ մասնակցի ընտրություններին, պայմանով, որ պետք է ապահովել 9000 ձայն Գեղարքունիքի մարզում, իսկ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել Սեդրակ Առուստամյանին ու Աբրահամ Մանուկյանին։

«Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից կազմված գումար, որի չափը չի հիշում։ Ըտրությունների ավարտից հետո ձայների ամփոփման գործընթացում արդեն Աբրահամ Մանուկյանից ստացել է մոտ 90 մլն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնք հայտնաբերվել են ընկերության գրասենյակում, այդ գումարները բաժանել են ընտրողներին», - ներկայացնելով հաղորդումը հայտարարել է Դավթյանը։

Ընտրողներին կաշառք տալու նպատակով, Դավթյանի ներկայացմամբ, Գագիկ Ծառուկյանը ղեկավարել է կազմակերպված խումբ, որի համակարգված և արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տված կաշառքի դիմաց գրվել է նրանց անունները, անձնական տվյալները։

  • Կիսվել: