չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու. Վահե Ղազարյանի ուղերձը

Վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու. Վահե Ղազարյանի ուղերձը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության 104-ամյակի կապակցությամբ․

«ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է և ամենօրյա ծառայությամբ է հաստատում հավատարմությունը իրավակարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը:

Մեր հարյուրավոր ծառայակիցներ անձնազոհությամբ են հավաստել այդ հավատարմությունը, և մենք միշտ պիտի արժանի լինենք նրանց սխրանքին, ովքեր պետության ու քաղաքացու պաշտպանության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը:

Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների անմար հիշատակին:
Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդագույն իրավիճակների, ունեցել ծանր կորուստներ, բայց միշտ կարողացել է դիմակայել մարտահրավերներին և բարձրանալ պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի: Եվ այսօր էլ վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու:

Մենք շարունակում ենք բարեփոխումների ընթացքը, որի ձեռքբերումներից է իր աշխատանքային դաշտն ընդլայնող պարեկային ծառայությունը:

Մենք արդիականացնում ենք համակարգի կառույցները, կատարելագործում հանցավորության դեմ պայքարի մեթոդները, պատրաստում այն նոր սերունդը, որը շարունակելու է ծառայությունը պետությանն ու ժողովրդին:

Հայաստանի ոստիկանության շարունակականությունն ու կատարելագործումը խորհրդանշող այս օրը կրկին շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին:

Շնորհավորում ու շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական ընտանիքներին՝ մեր ծառայակիցներին ամուր թիկունք լինելու համար:

Խորին խոնարհումս ու երախտագիտությունս մեր զոհված զինակիցների ծնողներին՝ այդպիսի զավակներ դաստիարակելու համար:
Շնորհավորում եմ մեր վետերաններին, որ ոստիկանական բազում սերունդներ են կրթել և այսօր էլ շարքում են:

Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում ուժ, կամք, զորություն՝ մեր ծառայությունն անմնացորդ կատարելու գործում:
Բարի ծառայություն բոլորին»:

 

  • Կիսվել: