կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերջին 38 օրերին ՃՏՊ-ների թիվը նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով. ՆԳՆ

Վերջին 38 օրերին ՃՏՊ-ների թիվը նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով. ՆԳՆ

Վերջին 38 օրերի ընթացքում հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին իրականացվել է ուժեղացված ծառայություն: ՃՏՊ-ների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, նշվել է Ներքին գործերի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ ճանապարհների ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ:

Անդրադառնալով ՆԳՆ ենթակա Փրկարար ծառայությանը՝ զեկուցվել է, որ ատեստավորման հնարավորություն է տրվել նաև փրկարար ծառայողներին։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է 437.000 ՀՀ դրամ (զուտ) դրամական ապահովում՝ նախկին 232.000-ի (զուտ) փոխարեն։

Աղետների ռիսկի կառավարման, փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել են մեկական արագ արձագանքման կամավորական թիմեր: Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, նրանց հատկացվել է մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, նվազագույն փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ: Հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայությունը համալրվել է 8 «Պոլարիս» մակնիշի ամենագնացներով։ Ձեռք են բերվել 2 անօդաչու թռչող սարքեր։

Աղետներին դիմակայունության բարձրացման միջոցառումների շրջանակում հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն ձևակերպում է ՀՀ դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։ Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալուն:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որն իր բնույթով և ծավալով աննախադեպ է եղել։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ:

  • Կիսվել: