հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերաքննիչ դատարանն արդարացրեց 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւին

Վերաքննիչ դատարանն արդարացրեց 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւին

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրեց 15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւին։

Դատարանը Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց դատախազի բողոքը։

15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը ներպետական ատյաններում արդեն երրորդ անգամ արդարացվեց։

Առաջին անգամ նրան արդարացրել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, այնուհետեւ նույն դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը' ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը։

Այս գործը ներպետական բոլոր երեք ատյաններով անցել էր։ Առաջին ատյանի արդարացումից հետո Վերաքննիչ դատարանը փոխել էր մեղադրանքը եւ կալանքի վերցրել հենց դատարանի դահլիճից։

Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր առաջին ատյան՝ նոր քննության։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Կարեն Կունգուրցեւին դատապարտել 9 ու կես տարվա ազատազրկման։

Թե Կարեն Կունգուրցեւը, եւ թե նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը շարունակում էին պնդել, որ Կարենը այս գործի հետ կապ չունի։

Արդեն 9 տարի է Դավիթը մահացած է, սակայն սպանության իրական մեղավորը դեռևս չի բացահայտվել, գրում է a1plus.am-ը:

 

  • Կիսվել: