կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վենետիկի հանձնաժողովում կարծում են, որ օմբուդսմենի վերընտրման ինստիտուտը պետք է բացառվի․ Վարդանյան

Վենետիկի հանձնաժողովում կարծում են, որ օմբուդսմենի վերընտրման ինստիտուտը պետք է բացառվի․ Վարդանյան

Մի քանի օր առաջ ես վերադարձել եմ Վենետիկի հանձնաժողովի նիստից, որտեղ հնչեցվել է կոնկրետ թեզ. օմբուդսմենի անկախության ամրապնդման տեսակետից վերընտրման ինստիտուտը պետք է բացառվի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, հանրապետության օմբուդսմենի թեկնածուի հարցի քննարկման ընթացքում այսօր ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պարզաբանելով, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ անգամ չի առաջադրի գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի թեկնածությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։

Պատգամավորն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Թաթոյանը առաջին օմբուդսմենն է Հայաստանում, որը պաշտոնավարել է իրեն հատկացված ամբողջ ժամկետում։ «Այսինքն՝ նոր թեկնածուին ընտրում են գործող կարգին համապատասխան»,- ասաց Վարդանյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ոչ ոք երբեք որեւէ գնահատական չի տվել պարոն Թաթոյանի գործունեությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը՝  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ասել էր, որ Թաթոյանի բոլոր ասածները «քաղաքական բնույթ են կրում»։ Ի պատասխան՝ Թաթոյանն ասաց, որ Գրիգորյանը, իրեն մեղադրելով քաղաքական կանխակալության մեջ, չարաշահում է իր լիազորությունները եւ դիմում անթաքույց մանիպուլյացիաների։

«Այդ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի ապագայում ապահովվի մարդու իրավունքների պաշտպանի անխափան, ազատ եւ անկախ աշխատանքը»,- նշեց Թաթոյանը։

Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվում են 2022թ. փետրվարին։

  • Կիսվել: