ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վաշխառության, հարկեր վճարելուց  խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված  քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մոր և որդու կողմից կատարված վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, վարձակալելով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տարածքը, մարզի տարբեր բնակավայրերում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն:  Հայտարարության հիման վրա, գումար ստանալու ակնկալիքով, նշված հասցե են դիմել մարզի բազմաթիվ բնակիչներ և նրանց կողմից տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով գնված կենցաղային տեխնիկան վաճառել են հիշյալ տղամարդուն:  Տղամարդը իր մոր Ա/Ձ-ի անունից բնակիչների հետ կնքել է առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիման վրա նրանց պետք է փոխհատուցվեր ապրանքների շուկայական արժեքի որոշակի տոկոսը, սակայն ապրանքները վերցնելուց հետո դրանց դիմաց չի վճարվել՝ շուրջ 7 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ տղամարդու մայրը, գրանցվելով որպես շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր և պատասխանատու լինելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու և հարկային օրենսդրությամբ մյուս պահանջները պահպանելու համար, օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում չի վճարվել ընդհանուր 6.961.400 ՀՀ դրամի չափով հարկեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: