հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարդանյանին մարմնական վնասվածքներ են հասցվել բութ, կոշտ առարկայով. դատախազը ներկայացրեց քրհետապնդում հարուցելու միջնորդությունը

Վարդանյանին մարմնական վնասվածքներ են հասցվել բութ, կոշտ առարկայով. դատախազը ներկայացրեց քրհետապնդում հարուցելու միջնորդությունը

Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով:

Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը:

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Վարդապետյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել:

«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,-ասաց Վարդապետյանը:

Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը, և ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով:

  • Կիսվել: