ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարչապետը չի կատարում դատարանի վճիռը․ «Հետք»

Վարչապետը չի կատարում դատարանի վճիռը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Վճռաբեկ դատարանի որոշումից 5 ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանին չի վերականգնել իր պաշտոնում։  

Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, նախագահությամբ Ռ․ Հակոբյանի, մայիսի 3-ին գրավոր ընթացակարգով քննել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը և որոշել է մերժել այն։ Այդպիսով, նույնն է թողել Վերաքննիչ և վարչական դատարանների որոշումները, որով պարտավորեցվել էր վարչապետ Փաշինյանին վերականգնել Իգոր Սարգսյանին նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով։

Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ վարչապետի՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը:

Տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության հիման վրա վարչական վարույթ էր ընթացել։ Վերջինս, ինչպես պնդում էր հայցվոր Սարգսյանը, կեղծ տեղեկություններ էր ներկայացրել վարչապետի գրասենյակին՝ իր աշխատանքային ունակությունների ենթադրյալ անբավարարության վերաբերյալ, ինչի պայմաններում իրեն աշխատանքից ազատելու հարցն էր քննարկման դրվել, այնուհետև` հեռացվել: Դատարան ուղարկված պատասխանում էլ վարչապետի ներկայացուցիչը նշել էր, որ Փաշինյանի որոշումը հայեցողական է եղել։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչապետի որոշման ընդունման իրավական հիմք նշվել է «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այսինքն՝ որպես վիճարկվող իրավական ակտի ընդունման իրավական հիմք վկայակոչվել է բացառապես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին ազատելու լիազորությունն ամրագրող իրավական նորմը։ 

 «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների դադարումը և՛ սահմանադիրը, և՛ օրենսդիրը պայմանավորել են օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ։ Այսինքն՝ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելիս գործատուն պետք է առաջնորդվի բացառապես օրենքի պահանջներով՝ գործելով ոչ թե կամայականորեն, այլ առաջնորդվելով աշխատանքից ազատման համար օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով։

Հետևաբար, նկատի ունենալով նաև, որ աշխատողին աշխատանքից ազատումը գործատուն պարտավոր է ձևակերպել իր ընդունած անհատական իրավական ակտով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ իրավական ակտը պետք է անպայմանորեն պարունակի օրենքով նախատեսված այն կոնկրետ հիմքը, որով գործատուն ղեկավարվել է աշխատողի հետ իր հարաբերությունները դադարեցնելիս, որպիսի պահանջը, ըստ էության, բխում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից և հանդիսանում է աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի ապահովման լրացուցիչ երաշխիք։ Մինչդեռ, այս դեպքում վիճարկվող որոշման մեջ հայցվորին իր պաշտոնից ազատելու օրենքով նախատեսված որևէ հիմք վկայակոչված չէ։

Ավելին, նման հիմքի գոյությունը փաստացիորեն բացակայել է, և պատասխանողն այդ հիմքի փաստացի բացակայությունը հիմնավորել է իր այն դիրքորոշմամբ, որ ՀՀ վարչապետն իրավասու է իրացնել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին ազատելու իր լիազորությունն օրենքով նախատեսված որևէ հիմքի բացակայության պայմաններում»»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: