կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի տուն ներխուժած անձը վնասվածքներ է ստացել․ նոր մանրամասներ՝ միջադեպից

Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի տուն ներխուժած անձը վնասվածքներ է ստացել․ նոր մանրամասներ՝ միջադեպից

Գիշերը անհայտ անձը, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ, մահակը ձեռքին փորձել է ներխուժել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի առանձնատուն։

Միջադեպի առթիվ Infoport.am-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը նշեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 297-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև, հաշվի առնելով տան տարածք մտած անձի՝ վնասվածքներ ստացած լինելու հանգամանքը՝ նաև  ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Դեպքի վայրից ոստիկանություն է տարվել առանձնատան տարածք մտած անձը, վերջինս ձերբակալվել է հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Ձերբակալված անձի վնասվածքների մասով նշանակվել է դատաբժշկական, իսկ օրգանիզմում թմրանյութի հնարավոր առկայության մասով՝ դատաքիմիական փորձաքննություններ։  Քրեական վարույթով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ բնակարանի տարածք մտնելու նպատակները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։ Օրենսգիրքը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։

 

  • Կիսվել: