հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Տրանսպորտային միջոցների հայելիների, լուսարձակների, համարանիշների գողությունը կդառնա միջին ծանրության հանցանք, պատիժը խստացվում է. նախագիծ

Տրանսպորտային միջոցների հայելիների, լուսարձակների, համարանիշների գողությունը կդառնա միջին ծանրության հանցանք, պատիժը խստացվում է. նախագիծ

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, այն է՝ արարքը կդիտարկվի ոչ թե որպես «ոչ մեծ ծանրության», այլ «միջին ծանրության» հանցանք: Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով: Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Ըստ փոխնախարարի՝ վերջին տարիների վերլուծությունները փաստում են, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում և իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն:

«Վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանն ամենաշատ անհանգստացնող խնդիրներից, և պետության արձագանքը պետք է լինի համարժեք: Բացի դրանից՝ արարքը, սահմանելով միջին ծանրության, մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է հաշվառման համարանիշների, նշանների, հայելիների, լուսարձակների և այլ գողությունների դեպքերին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ քանի՞ դեպք կա, որ անձն ավտոմեքենայի լուսարձակի գողություն է արել և բռնվել է. «Օրինակ` եթե ունես Porsche Cayenne ավտոմեքենա, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն ոչ մի դեպքում չի ապահովագրի, քանի որ, 90 տոկոս դեպքերում, որտեղ կանգնեցնես, տանելու են»:

Փոխնախարարն արձագանքեց՝ կատարված հանցագործությունների 30 տոկոսի մասով հայտնաբերված անձինք կան, բայց խնդիրն այն է, որ միևնույն անձը կարող է նույն հանցագործությունը մի քանի անգամ կատարել:

«Հակված ենք մտածելու, որ պետք է ավելի խիստ խափանման միջոցներ կիրառել, որովհետև 30-ից ավելի դրվագներ էլ ենք ունենում, որ նույն անձը կատարում է արարքը, հայտնաբերվում է, ձերբակալվում է, խափանման միջոցն ազատազրկման հետ կապ չի ունենում, և այդ անձը շարունակում է կատարել գողություն: Թերևս ունենք մեծ խնդիր այստեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ խստացման արդյունքում քննիչները որպես խափանման միջոց կարող են դիտարկել նաև կալանքը:

  • Կիսվել: