կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՏՄՊՊ հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն

ՏՄՊՊ հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքը հրավիրվել են Դատախազություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանն ու ընտանիքի անդամներն օգոստոսի 23-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ա․ Շաբոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։

Դատախազությունը Արտակ Շաբոյանին, կնոջը՝ Քրիստինե Եղիազարյանին, մորը՝ Մարիետա Մանուկյանին, և դստերը՝ Անի Շաբոյանին, հրավիրել է, որպեսզի ծանոթանան նյութերին, քանի որ վերջիններիս անվամբ հաշվառված գույքը ևս ենթակա է բռնագանձման։

Նշենք, որ Արտակ Շաբոյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010թ․ մարտից մինչև 2019թ․ ապրիլ։ Մինչ այդ, Շաբոյանը եղել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ դրանից առաջ՝ Կենտրոնական բանկում։

Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել կամ ինչ դրամային պահանջ ունի։ Պատճառաբանում են, թե շահագրգիռ անձիք կարող են պարզաբանումներ, ապացույցներ ներկայացնել, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի կամ չափերի փոփոխության։

  • Կիսվել: